Չեքիջյանական տարվա շրջանակներում, հունվարի 23-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ հանրահայտ խմբավար, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ և ՀՍԽՀ ժողովրդական արտիստ, 100-ից ավելի մեդալներով, դիպլոմներով պարգևատրված պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների նախաձեռնությամբ 2014 թվականը հայտարարվել է չեքիջյանական տարի: Նախատեսվել է մեծ երգահանին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք, որի շրջանակներում կիրականացվեն մեծարման երեկոներ, միջոցառումներ եւ համերգներ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:
ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով մաեստրո Չեքիջյանի մեծարման համերգ-երեկոյին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Սրբոց թարգմանչաց եկեղեցուն կից «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և հանրահայտ խմբավար Խաչիկ Յըլմազյանի ղեկավարությամբ: Երգչախումբը կատարեց Գրիգոր Փիթերջյանի «Դեր Զոր», Մակար Եկմալյանի «Տեր Կեցցո», հատված Ջուզեպպե Վերդիի Նաբուկո օպերայից և այլ ստեղծագործություններ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց մեծ արվեստագետին, հրաշալի հային ու անզուգական մարդուն հոբելյանի կապակցությամբ, և մասնավորապես ասաց՝ «Դժվար է ասել, թե ինչ են անում 7 միլիոն հայերը աշխարհի տարբեր հորիզոնականներում, բայց Հովհաննես Չեքիջյանը գիտեր, թե ինչու է գալիս հայրենիք, նա եկավ նոր էջ բացելու հայ մշակույթի երկնակամարում և մեր ազգային երաժշտությանը տվեց համամարդկային հնչեղություն՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դարձնելով դարի երաժշտական աշխարհի ֆենոմեն»: Նա մասնավորապես շեշտեց Մաեստրոյի մի իմաստուն միտքը, թե՝ «Առանց երգի աշխարհն աղմուկով կլցվեր», և այս մոտեցմամբ Հովհաննես Չեքիջյանը աշխարհին շարունակ ներդաշնություն է պարգևում:
Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաև Մարսելի «Սահակ-Մեսրոպ» երգչախումբին և նրա գեղարվեստական ղեկավար Խաչիկ Յըլմազյանին, որ եկան հայրենիք և իրենց կատարումներով հրաշալի անականկալ մատուցեցին Մաեստրոյին:
Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի կյանքին ու ստեղծագործությանը:

«Մենք թոռներն ենք Մաշտոցի» և Կոմիտասի մանկական ստեղծագործությունների երգաշարով Մաեստրոյին ողջունեց սիրիահայ երեխաների մանկապատանեկան «Շառավիղ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Սիմոնյան):
Ելույթ ունեցան Հայաստանի ակադեմիական երգչախմբի մենակատարներ Սոնա Մովսիսյանը և Պերճ Քարալյանը:
Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Հովհաննես Չեքիջյանը և անակնկալ մատուցեց հանդիսատեսին: Նա բեմից ղեկավարեց դահլիճում՝ հանդիսատեսի հետ համերգին ունկնդիր պետական ակադեմիական երգչախմբի անդամներին, որոնք անզուգական կատարումով ներկայացրին Մ. Եկմալյանի «Ո՜վ Հայոց աշխարհ» երգը: Թվում էր երգում է ողջ դահլիճը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am