Աշխարհահռչակ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի մենահամերգը կկայանա փետրվարի 2-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:
Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեցին փառատոնի կազմակերպիչները:
Դաշնակարուհու կատարմամբ կհնչեն Ֆերենց Լիստի, Իսահակ Ալբենիսի, Գալինա Ուստվոլսկայայի եւ Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:
Անվանի դաշնակահարուհին երաժիշտների ընտանիքից է, պրոֆեսոր Դմիտրի Բաշկիրովի դուստրն ու լեգենդար դիրիժոր Դանիել Բարենբոյմի կինն է:
Բաշկիրովայի հետ Երեւան կժամանի «Սիմենաուեր Իմպրեսարիատ» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնյա Սիմենաուերը, ով ներկայացնում է տիկին Բաշկիրովային: Սոնյա Սիմենաուերի հետ «Երեւանյան հեռանկարներ»-ը համագործակցում է արդեն 13 տարի: Այդ ընթացքում Հայաստան են հրավիրվել բազմաթիվ անվանի երաժիշտներ եւ խմբեր:
Բացի դասական եւ ռոմանտիկ ստեղծագործություններից, դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան հանդես է եկել 20-րդ դարի երաժշտության կատարումներով եւ պարբերաբար նվագել է այնպիսի հանրահայտ նվագախմբերի հետ, ինչպիսիք են Համբուրգի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, NDR-ի (Համբուրգ), WDR-ի (Քյոլն) նվագախմբերը, Բեռլինի ռադիոյի սիմֆոնիկ եւ Կոնցերտհաուս նվագախմբերը, ինչպես նաեւ Փարիզի ու Չիկագոյի նվագախմբերը, Իսպանիայի ազգային, Գյուլբենկյան նվագախմբերը։
Նա աշխատել է հայտնի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Սերջյու Չելիբիսակեն, Պիեռ Բուլեզը, Ռաֆայել Ֆրյուբեք դե Բուրգոսը, Սեմյոն Բիչկովը, Մայքլ Գիլենը, Քրիստոֆ Էշենբախը, Իվոր Բոլթոնը եւ Քրիստոֆ ֆոն Դոհնանյինը։ Ելենա Բաշկիրովան մի շարք միջազգային փառատոնների մշտական եւ սպասված հյուրն է, որոնց շարքում է շվեյցարական Վերբի-ն:
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտնի է որպես Հայաստանում տեղի ունեցող վառ երաժշտական իրադարձություն: Դրա շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում ելույթ են ունեցել աշխարհահռչակ այնպիսի երաժիշտներ ու կոլեկտիվներ, ինչպիսիք են The King’s Singers-ը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին, Ալեքսեյ Լյուբիմովը, Գորան Բրեգովիչը, Ջո Կոկերը, Պլասիդո Դոմինգոն եւ այլք: Փառատոնը անցկացվում է երկրի նախագահ՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
NEWS.am STYLE