Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող «New Wave» («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնին մասնակցում էին նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող 5 ուսանողների ֆիլմերը:
Կինոփառատոնից մեր ուսանողներին երկու մրցանակ է բաժին հասել.«Լավագույն մոնտաժ» անվանակարգում հաղթել է Արեն Մալաքյանի «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով», իսկ «Լավագույն ձայնային մոնտաժ»անվանակարգում՝ Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» կարճամետրաժ ֆիլմերը:
Ընդհանուր մրցանակների եւ նոմինացիաների թվով Հայաստանը փառատոնում զիջել է միայն ՌԴ ներկայացուցիչներին։
«Հպարտ եմ, որ երիտասարդ սերունդը կարողանում է գլուխը բարձր ներկայացնել մեր կինոն՝ ազատվելով «մենք պայմաններ չունենք, մենք խեղճ ենք» եւ այլ նմանատիպ խոսքերից: Սոֆիայում ինձ շատ հպարտ եմ զգացել այս օրերին, կցանկանայի, որ բոլոր ընկերներս, ում ֆիլմերը նույնպես մասնակցում էին փառատոնին, այստեղ լինեին, քանի որ մրցանակը չէ, որ կարեւորվում է այս պահին, այլ այն շփումը, որ կա աշխարհի երիտասարդ ստեղծագործող քաղաքացիների միջեւ։ Սա եւս մի հրաշալի առիթ էր` երիտասարդ ստեղծագործողների փորձի փոխանակման եւ շփման»,- ասաց Արեն Մալաքյանը` հավելելով, որ մրցանակի համար շնորհակալ է իր վարպետին՝ Էդգար Բաղդասարյանին, որի խորհուրդների ու ուղղորդումների միջոցով էլ կատարվել է հաղթող ֆիլմի ձայնային մոնտաժը:
Անդրանիկ Հարությունյանը հիշում է` լուսահոգի ռեկտոր Մազմանյանը մեծ ուրախությամբ ու հավատով էր սպասում այս հաղթանակներին, սա նաեւ նրա հաղթանակն է, նրա ներդրումն ու ջանքերը։
Yerkir.am