Հանրահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը` դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը շաբաթ օրը երևանյան ակումբներից մեկում ներկայացրեց իր «Արմատներ» ձայնասկավառակը։
«Ալբոմի ձայնագրման ընթացքում, բացի դուդուկից, որևէ այլ գործիք չի օգտագործվել, դա է առանձնահատկությունը»,– ասաց երաժիշտը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Միաժամանակ նա նշեց, որ ալբոմում հնչում են դուդուկի քառաձայն, հնգաձայն կատարումներ։ «Իսկ ստեղծագործություններից մեկը մենք ձայնագրել ենք միանգամից տասը դուդուկով։ Դա դուդուկների ինքնատիպ նվագախումբ էր, և շատ հզոր ստեղծագործություն ստացվեց»,– ասաց նա։
«Արմատներ» անվանումը պատահական չէ ընտրվել, քանի որ Գասպարյանն այստեղ դիմել է հայկական մշակույթի արմատներին` ազգային երաժշտությանը, Կոմիտասի ու Սայաթ Նովայի ստեղծագործություններին։
«Իմպրովիզացիաներ էլ կան, որոնք թույլ են տալիս երևան բերել դուդուկի քնարականությունն ու տեխնիկան, գործիքի բոլոր հնարավորությունները»,– ասաց նա` ավելացնելով, որ գործիքավորման աշխատանքին մասնակցել է նաև պապը` Ջիվան Գասպարյանը։
Երաժիշտը նշեց, որ ալբոմը ստեղծվել է մոտ մեկ տարում, քանի որ ձայնագրությունների արանքում մեկնել է հյուրախաղերի, որոնցից ամենավերջինը եղել է Ռուսաստանի քաղաքներում ունեցած շրջագայությունը։ Ալբոմը նվիրված է երաժշտի հորը։
Ջիվան Գասպարյան կրտսերը ծնվել է 1982թ.–ի հոկտեմբերի 23-ին Երևանում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռն է: Մանուկ հասակից հաճախել է դաշնամուրի և վոկալի դպրոց: Միևնույն ժամանակ դուդուկ է սովորել պապի մոտ: Փոքր հասակում տեղափոխվել է Լոս Անջելես: Ավելի ուշ միացել է «Վիզա» բենդին: 2001թ.–ին հյուրախաղերով եղել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Կանադայում: Մի քանի տարի անց հանդես է եկել պապի հետ մի շարք երկրներում: 2009թ.–ին Աբու Դաբիում մասնակցել է «Womad» փառատոնին: Կատարել է դուետներ «Գլադիատոր» ֆիլմում ավագ Գասպարյանի հետ: 2008թ.–ին Լոնդոնում մասնակցել է Նելսոն Մանդելայի 90-ամյակի տոնակատարությանը: 2009թ. Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել համերգով, որտեղ արժանացել է արքայազն Չարլզի ուշադրությանը:
2008թ.–ին մասնակցել է պապիկի 80-ամյակին նվիրված տոնակատարությանը, կատարել է դուդուկի տրիո: Կատարումներ է ունեցել Զուկերոյի, Անդրեաս Վոլենվայդերի, Բորիս Գրեբենշիկովի, Ալան Փերսոնս Փրոջեքթի, Պլանետ Իքսի, Միշել Բրուքի և այլ հայտնի երաժիշտների հետ: 2011թ. մասնակցել է միջազգային փառատոնի, որին մասնակցում էին ավելի քան 300 մասնակիցներ 51 տարբեր երկրներից, նրա կատարումը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակին: 2011թ.–ին կայացած դուդուկի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակի և ոսկե մեդալի:
ar.newsarmenia.ru