Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտացոլում է Եվրոպայի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ և Հայաստանի հետ գործնականորեն կապ չունի, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Թուրքական ԶԼՄ–ների տվյալներով, փետրվարի 7–ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Անկարան պետք է առերեսվի իր պատմության հետ Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև բացի Հայաստանի հետ սահմանը։ Կանցլերն այդ մասին հայտարարել է Էրդողանի` Հայոց ցեղասպանության մոտեցող 100–ամյակի հարցում զգույշ լինելու նախազգուշացումից հետո։
«Եվրոպան հոգնել է Էրդողանից, Եվրոպան բավականին հոռետեսորեն է վերաբերվում նրան, թե ինչ է կատարվում Թուրքիայում և Թուրքիայի շուրջ»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Իսկանդարյանը։
Այս կապակցությամբ քաղաքագետը նշեց, որ Հայոց ցեղասպանության և Հայաստանի փակ սահմանների խնդիրը Թուրքիայի ցավոտ կետերն են, և Արևմուտքն օգտագործում է դրանք` Անկարայի նկատմամբ իր վերաբերմունքը ցույց տալու համար։
Իսկանդարյանը միաժամանակ ավելացրեց, որ Էրդողանին ներկայում ավելի հետաքրքրում է ոչ թե միջազգային հանրության, այլ թուրքական հասարակության վերաբերմունքը հայկական հարցի նկատմամբ` հաշվի առնելով երկրում մոտեցող ընտրությունները։
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև այն ժամանակ, երբ երկու երկրի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին, հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցրած վիճակում է։
ar.newsarmenia.ru