Independent պարբերականը հրապարակել է Ալիսիա Ջոնի բաց նամակը Հայոց ցեղասպանության մասին, ուր հեղինակը հայերի կոտորածների մասին իրողությունն իմանալու համար խորհուրդ է տալիս կարդալ Los Aangeles Times-ի հոդվածը և այցելել Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալիսիա Ջոնը բաց նամակով հակադարձում է փետրվարի 2-ին Independent-ում հրապարակված հոդված նամակին`«Հայոց ցեղասպանությունն իրավաբանորեն հիմնավորված չէ» վերտառությամբ:
«Հայոց ցեղասպանության իրողության մասին հազարավոր գրքեր են գրվել Հիլարի Քլինթոնի և նամակում նշված մյուս մարդկանցից շատ ավելի հայտնի մարդկանց կողմից: Հայտնի է, որ Հիտլերը հրեաների դեմ արել է այն, ինչ թուրքերն էին արել հայերի դեմ: «Ի վերջո, ով է այսօր խոսում հայերին բնաջնջման մասին»»,- Ալիսիա Ջոնը մեջբերել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի խոսքերը` Լեհաստան ներխուժումից հետո:
Հեղինակը կոչ է անում ընթերցողին կարդալ Los Aangeles Times-ի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին, ուր մանրամասն ներկայացվում է հայերի ցեղասպանությունը, որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: «Times-ի լրագրողը հավատում էր, որ կկանխարգելի այդ դարի մյուս ցեղասպանությունները»,- գրում է հեղինակը:
Նա հակադարձում է նաև փետրվարի 2-ին Independent-ում հրապարակված հոդված-նամակի հեղինակի այն մտքին, թե Հայոց ցեղասպանությունը չպետք է ուսուցանվի դպրոցներում: «Ես անձնապես չեմ կարծում, որ երեխաներն ընդունակ են հասկանալ մարդու անմարդկային վերբերմունքը մեկ այլ մարդու հանդեպ: Առարկան պետք է դասավանդվի ավագ աշակերտներին ցեղասպանության մյուս օրինակների հետ միասին: Սակայն սա չի նշանակում, որ ես որևէ կերպ հերքում եմ Հայոց ցեղասպանությունը: Դա կնշանակեր ուրանալ պատմությունը»,- գրում է Ջոնը:
Փետրվարի 2-ի բաց նամակը ընդդիմանում էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի ընդունած AB 659 բանաձևին, որով նախատսվում է Հայոց ցեղասպանության մասին պատմության բանավոր դասեր ընդգրկել հասարակական դպրոցների ուսումնական ծրագրերում:
ARMENPRESS.am