Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն անցկացվելու է փետրվարի 28–ից մարտի 2–ը, երեքշաբթի հաղորդել է ֆիլմի ռեժիսորը ԵՊՀ–ում ֆիլմի ցուցադրությունից առաջ։
Կինոփառատոնի շրջանակում ֆիլմը ներկայացվելու է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը կցուցադրվի ՄԱԿ–ի կինոսրահում։ Մանհեթնի միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար պայքարել են ամբողջ աշխարհից 130 երիտասարդ ռեժիսորներ, որոնց ֆիլմերից ընտրվել են 12–ը։
Ֆիլմը պատմում է պատերազմի հերոս և արբեցող Նելսոնի մասին, ով ապրում է խուլ գյուղերից մեկում։ Նրա ընտանիքի (կնոջն ու նորածին որդու) միակ կերակրողը կովն է, որին սպանում է սոված գայլը։ Հարուստ եղբոր մոտ փոխելով իր մեդալները երեք փամփուշտով` որսորդը որոշում է ձեռք բերել երեք գայլ մաշկ և մեկ եղջերու, որոնց դիմաց եղբայրը խոստանում է նրան տալ նոր կով։ Նելսոնն այդ երեք փամփուշտով գնում է անտառ որսի...
Ֆիլմի սցենարի հեղինակը Արա Առուշն է, բեմադրիչ օպերատորը` Վազգեն Մուրադյանը, կոմպոզիտորը` Եվգենի Միլովանովը։ Ֆիլմում գլխավոր դերակատարներն են Արմեն Գրիգորյանը, Աննա Առուշն ու Էդվարդ Շահնազարյանը։ Ֆիլմում հերոսները շփվում են չափածո ոճում։
Ավելի վաղ «Որսորդ» ֆիլմը ներկայացվել է Կանի միջազգային 66–րդ կինոփառատոնի «Կարճամետրաժ ֆիլմերի անկյուն» ծրագրում (Short Film Corner)։ Ֆիլմի հայկական պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 10–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։
Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Արա Առուշը (Առուշանյան) ծնվել է 1974 թ.–ին Ստեփանակերտում։ 1999 թ.–ից նկարահանել է տեսահոլովակներ, հիմնադրել է Digidez Studio և KenigArts Pictures ընկերությունները։
Բացի Կաննի կինոփառատոնից, «Որսորդ» ֆիլմը ներկայացվել է նաև Մումբայի Ջագրան կինոփառատոնում և Մերիլենդի «Ֆրեդերիկ» կինոփառատոնում, իսկ գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Լավագույն» դերասան անվանակարգում Իսպանիայի Բոլոնյան 39–րդ կինոփառատոնի շրջանակներում։
ar.newsarmenia.ru