Մարտի 3-ին Ստոկհոլմի Սերյելս Թորյ հրապարակում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա եւ մոմավառություն՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառման մասնակիցները պարզել էին պաստառներ «Մենք չենք մոռացել 1988թ. հայերի կոտորածը Սումգայիթում», «Ճանաչեք Լեռնային Ղարաբաղի անկախությունը», «Հարգեք ազգերի ինքնորոշման իրավունքը» եւ այլ վերտառությամբ։
Միջոցառման ընթացքում անցորդներին տրամադրվեցին տեղեկատվական թերթոններ Սումգայիթի, Բաքվի եւ Մարաղայի ոճրագործությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ադրբեջանական կեղծիքները մերկացնող նյութեր։