Ռուսաստանում վթարի ենթարկված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը դատարանը կքննարկի այսօր՝ մարտի 13-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Նա տեղեկացրեց, որ գործի նախաքննությունն ավարտվել է, այժմ փաստաբանները ծանոթանում են նյութերին, հավանաբար մինչեւ շաբաթվա վերջ կավարտեն դրանք ուսումնասիրելը, եւ եթե միջնորդություններ չներկայացնեն, գործը կուղարկի դատախազություն, որտեղից էլ՝ կամ դատարան, կամ նորից քննություն կնշանակվի:
ՄԻՊ խորհրդականն ասաց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում՝ պարզ կլինի Հրաչյա Հարությունյանի գործը ինչ ընթացք կստանա:
Ինչ վերաբերում է նրա Հայաստան տեղափոխմանը, Երանուհի Թումանյանցը նշեց, որ դա հնարավոր կլինի միայն դատավճռի հրապարակումից հետո, իսկ քանի դեռ գործը դատարան չի ուղարկվել, վաղ է խոսել այդ մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: