ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը հենց սկզբից արդեն գոհացրել է շատ մասնակիցների: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայեր հնարավորություն են ստացել մասնակցել հայոց լեզվի արագացված դասընթացների, ազգագրական և ժողովրդական պարերի դասերի և շփվել Հայաստանի լավագույն մասնագետների հետ: Ծրագիրը մեկնարկել է հունիսի 25-ին և մինչև հուլիսի 13-ը շատ սփյուռքահայերի կշարունակի հիացնել և վարակել ազգային ոգով, ինչի ամենավառ ապացույցը մասնակիցների վառվռուն աչքերն ու միանշանակ դրական տպավորություններն են:
«Մասնակիցների շահագրգռվածությունը բավականին մեծ է և շատ գնահատելի, քանի որ մարդիկ եկել են, որպեսզի ծանոթանան ազգային արժեքներին,-ասում է «Ակունք» ազգագրական պարախմբի գլխավոր պարուսույց Արեգ Միքայելյանը և հավելում,-հատկանշական է, որ մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք օտար երկրում են ծնվել ու մեծացել, բայց իրենց մեջ ազգային ոգին այնքան խոսուն է, որ նրանք անմիջապես զգում են ազգային պարերի շատ նուրբ տարրերը»:
Ամառային դպրոցի շրջանակներում ընթանում են նաև հայոց լեզվի արագացված դասընթացներ և սփյուռքահայ ուսուցիչների վերապատրոստում, որոնց մեծ գոհունակությամբ մասնակցում են տարբեր տարիքի և զբաղմունքի տեր մարդիկ:
Ավարտվել է երիտասարդ առաջնորդների և լրագրողների վերապատրաստման դասընթացների նախապատրաստական փուլը, որի մեկնարկը կտրվի հուլիսի 9-ին: