Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը նոյեմբերի 12-ին դարձյալ կոչ է արել Օբամայի վարչակազմին թույլ տալ Սմիթսոնյան թանգարանում հայ որբերի գորգի ցուցադրությունը, որը մինչ այդ չեղյալ էր համարվել: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
«Վարչակազմի որոշումը չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ժամանակ գործված գորգի ցուցադրությունը նույնքան անբացատրելի է, որքան վիրավորական հայ համայնքի համար: Գորգը ոչ միայն այդ մութ օրերին հայ ժողովրդի դիմադրության խորհրդանիշն է, այլեւ շոշափելի արտահայտությունն է այն ճշմարտության, որ ոչ միայն 20 - րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ 1,5 միլիոն մարդ է սպանվել, այլ նաեւ ԱՄՆ կառավարությունը մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի աղետալի դրության վրա ուշադրություն հրավիրելու գործում եւ աջակցել է տուժածներին», - ասել է Ադամ Շիֆը:
Ինչպես գրում է «Los Angeles Times»-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ «գորգի միայն կես օր ցուցադրությունը, կապված գրքի թողարկման նպատակով մասնավոր միջոցառմանը հետ, ինչպես որ առաջարկվել է, ԱՄՆ - ի կառավարության գույքի օգտագործման անընդունելի երեւույթ կլինի, որը կպահանջի Սպիտակ տանը սահմանափակ հրապարակային ցուցադրման համար իր պատասխանատվության տակ վերցնել գորգի տեղափոխումը եւ չի համապատասխանում գորգի պատմական նշանակությանը»:
ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնե-կրտսերը Սպիտակ տուն է հղել առանձին նամակ, նշելով՝ «Դժվար է բառերով արտահայտել, թե որքան է անհանգստացնում այն, որ պատմա-մշակութային գանձը, որն ԱՄՆ-ի անունից ընդունել է Քուլիջը, կարող է Թուրքիայի ցանկությամբ մնալ փակի տակ՝ որոշ պատմական փաստեր հասարակության քննարկման առարկա չդարձնելու համար»:
Կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես գրել է Սպիտակ տուն՝ կոչ անելով Սմիթսոնյան ինստիտուտում կազմակերպել գորգի ցուցադրություն. «Մենք պետք է ճանաչենք ու դասեր քաղենք մարդկության հանդեպ ողբերգական հանցագործություններից, որոնք որբ են դարձրել այս գորգագործներին, որպեսզի նման հանցանքներն այլեւս երբեք չկրկնվեն»: Ոչ Շիֆը, ոչ Շերմանը Սպիտակ տան կոմղից պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխաներն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության:
Լուրեր Հայաստանից - NEWS.am