Թուրքիայում իսլամացած հայերի խնդիրը այսօր դարձել է հանրության համար լուրջ քաղաքական խնդիր: Այդ մասին` նոյեմբերի 16-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը՝ խոսելով իսլամացած հայերի հիմնախնդիրների մասին:
Նրա խոսքով, հարցի նկատմամբ կա մի քանի տեսակետ` իշխանության, ազգայնամոլների` գորշ գայլերի եւ նրանց մամուլի եւ այս խնդիրը լավագույնս գիտակցող եւ խնդրին ճիշտ լուծում տվող մտավորականության, որոնք պահանջում են այս հարցը պարզել: Հայկազուն Ալվրցյանը նաեւ նշեց, որ իսլամացած հայերը մեծ խումբ են, որոնց մեջ կա երկու խումբ: Մի խումբը հաշտվել է եւ չի ցանկանում հիշել անցյալը` վախ կա, ցեղասպանություն են տեսել, ունեցվածքի, կյանքի վտանգ: Իսկ մյուս խմբին կոչում են ծպտյալ հայեր` ներքին կյանքում պահել են լեզուն, ավանդույթները, ամուսնությունները, կրոնական հակումները եւ այսօր ցանկանում են բացահայտ խոսել իրենց ազգային ինքնության մասին:
Բանախոսը նշեց, որ թվում է, թե քիչ բան գիտենք ծպտյալ եւ իսլամացած հայերի մասին, բայց այնպես չէ, որ ոչինչ չգիտենք: «Բավականին շատ հետազոտություններ են կատարվում եւ որոշ տվյալներ մեզ արդեն հայտնի են: Մենք ունենք ոչ օդից վերցված տեղեկություններ, որը այսօր թվային տեսք էլ է ստանում: Այդ տվյալներով՝ մենք ունենք մոտավորապես իսլամահայության,` համշենահայերն էլ գումարած, երեք միլիոնից ավել, մոտ չորս միլոն հայեր: Դրանցից մեկուկես երկու միլիոնը ծպտյալ հայեր են: Սա ճշմարտությունից շատ հեռու լինել չի կարող»,- ասաց Հայկազուն Ալվրցյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am