Թուրքական Star TV-ի եթերում ցուցադրվող «Թուրքիայի ձայնը» նախագծի ընթացքում իր ելույթով ժյուրիի հավանությանն արժանացած ազգությամբ հայ Ջորջ Շեքերի՝ հայկական ինքնությունը չթաքցնելու մասին գրել է պոլսահայ «Ակօս» կայքը։
«Թուրքիայում հայերը հաճախ ստիպում են իրենց երեխաներին գաղտնի պահել ազգային պատկանելիությունը»,-գրում է հոդվածագիր Նայաթ Քարաքյոսեն՝ հավելելով, թե ինչ է զգացել այն պահին, երբ միլիոնավոր հեռուստադիտողների առաջ Ջորջն ասաց. «Ես հայ եմ»:
«Թուրքիայի ձայնն» այժմ Թուրքիայում ամենադիտվող հաղորդումներից մեկն է և էկրանների մոտ է հավաքում տարբեր տարիքի և խմբերի միլիոնավոր մարդկանց։
Ջորջ Շեքերն այդ մրցույթին մասնակցող առաջին հայն է (հնարավոր է՝ առաջ էլ հայեր մասնակցել են, սակայն չեն նշել, որ հայ են)։
«Համոզված եմ՝ էկրանների մոտ չկար մի հայ, որ նրա և ժյուրիի երկխոսությունը լսելով չհուզվեր։ Հատկապես 50-60 տարեկան հայերին, որոնք իրենց երեխաներին «Ամեն տեղ հայ լինելդ ցույց մի՛ տուր», «հասարակական վայրում հայերեն մի՛ խոսիր» ասելով են իրենց երեխաներին մեծացրել, Ջորջը ստիպեց հուզվել։ Նա «արմատներով հայ եմ» ասելով չխուսափեց պատասխանից և պարզապես ասաց. «հայ եմ»։ Չնայած, որ իր այդ քայլը վիճաբանությունների պատճառ կդառնար, իր կյանքի համար վտանգավոր կլիներ, նա առանց խոսքն այս ու այն կողմ գցելու, հանգիստ և սրտանց ասաց. «Հայ եմ»»,-գրում է հոդվածագիրը։
Նա հիշեցնում է, որ նման դեպք էկրաններին առաջին անգամը տեղի չի ունենում։ 12 տարի առաջ մեկ այլ մրցույթի Էդի անունով հայ էր մասնակցել։ Հայ լինելը չթաքցնելով՝ պարբերաբար խաչակնքվող Էդին խաչ կրելուց վախեցող, քրիստոնյա լինելը թաքցնող, խաչ կրելն արգելող ծնողների երեխաների համար օրինակ եղավ։ Եվ երբ նա առաջին տեղը գրավեց, հայերը մեծ ուրախությամբ ընդունեցին, մտածելով՝ արդյոք Թուրքիայում ինչ-որ բա՞ն է փոխվում։
Նույն մրցույթին 2003թ.-ին մասնակցեց և հաղթեց մեկ այլ մասնակից՝ Վիգեն Ժամկոչյանը։
«10-12 տարի անց դարձյալ մրցույթի մի մասնակից կարողանում է տպավորել ժյուրիին, և Ջորջ Շեքերին էկրանին տեսնելը հուզիչ է»,-գրում է Նայաթ Քարաքյոսեն։
Այս մասնակիցն արդեն սկսել է քննարկվել սոցիալական ցանցերում։ Նրա հանդեպ երկու հիմնական մոտեցում, տեսակետ կա. ոմանք ասում են «հալալ լինի», որ ինքնությունը չթաքցրեց՝ չնայած դրանով հաղթելու հնարավորությունը հավասարեցրեց 0-ի։ Մյուս խումբն էլ պնդում է, որ «նա իր գործը լավ գիտի» և որ այդ քայլը քարոզչություն էր, լոբբինգ։
Առաջիկա շաբաթների ընթացքում Ջորջ Շեքերի մասին մի շարք մեկնաբանություններ ու վեճեր կլինեն։ Նա ժյուրիի՝ իրեն հավանած անդամներից ընտրեց թուրք հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշին։
«Արդյոք ի՞նչ տեղի կունենա, եթե նա միլիոնավոր հեռուստադիտողների առջև հայերեն երգով հանդես գա, բայց չերգի «Սարի գյալին» երգը. ասենք՝ դուդուկի ուղեկցությամբ «պայթեցնի» դահլիճը «Դլե յաման»-ով, կամ «Սարերի հովին մեռնեմ» երգով։ Եվ պարտադիր չէ, որ նա անպայմանն առաջին տեղը գրավի։ Իսկ եթե հանկարծ «Թուրքիայի ձայնը» Ջորջը դառնա, ի՜նչ լավ կլինի...»,-գրում է նա։
Լուրեր Հայաստանից - Թերթ.am