«Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, ճանաչված ջութակահար եւ դիրիժոր Պինկաս Ցուկերմանի եւ աշխարհահռչակ «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի համատեղ ելույթը տեղի կունենա Երեւանի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ դեկտեմբերի 11-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարի ավարտին:
Ելույթի ընթացքում կհնչեն Ստրավինսկու «Պուլչինելլա սյուիտ»-ը, Մոցարտի «Հաֆներ սերենադ»-ը եւ Սիմֆոնիա թիվ 39-ը, ինչպես նաեւ Բեթհովենի «Ռոմանս սոլ մաժոր»-ը:
«Կամերատա Զալցբուրգ»-ը Եվրոպայի ամենահեղինակավոր նվագախմբերից մեկն է, որը հայտնի է իբրեւ դասական երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ: Ստեղծված լինելով Մոցարտի ծննդավայր Զալցբուրգ քաղաքում՝ 60 տարի առաջ, նվագախումբը եզակի է ամբողջ աշխարհում՝ իրեն բնորոշ «Մոցարտյան հնչողության» համար: Նվագախմբի հետ աշխատել են դիրիժորներ Բեռնհարդ Փաումգարթները (նվագախմբի հիմնադիր, նաեւ Զալբուրգի հայտնի փառատոնի համահիմնադիր եւ նախագահ), Շանդոր Վեգը, սըր Ռոջեր Նորինգթոնը եւ Անդրաս Շիֆը։ Անվանի մենակատարներ Աննե-Սոֆի Մութերը, Հիլարի Հանը, Զուլիան Ռախլինը, Դանիել Հոփը, Ջոշուա Բելը, Թոմաս Զեհեթմայերը, Վերոնիկա Հագենը, Միցուկո Ուշիդան, Մյուրեյ Փերահիան, Օլլի Աուստոնենը, Դիտրիխ Ֆիշեր-Դիեսկաուն, Քրիստոֆ Էշենբախը, Ֆիլիպ Հերեւեգեն, Ռընե Ժակոբսը նույնպես որպես հրավիրյալ երաժիշտներ հանդես են եկել «Կամերատա Զալցբուրգի» հետ։ Գոյության վեց տասնամյակների ընթացքում «Կամերատա Զալցբուրգն» ավելի քան 60 ձայնագրություն է կատարել, որոնց թվում են Մոցարտի դաշնամուրային կոնցերտների, սերենադների եւ դիվերտիսմենտների ամբողջական ձայնագրությունները:
Արդեն չորս տասնամյակ է՝ Պինկաս Ցուկերմանը մնում է որպես մի ֆենոմեն համաշխարհային երաժշտության մեջ։ Ծնված լինելով Թել-Ավիվում՝ 1948-ին, Պինկաս Ցուկերմանն ԱՄՆ է եկել 1962-ին, որտեղ ուսանել է Ջուլիարդի դպրոցում անվանի ուսուցիչ Իվան Գալամյանի մոտ։ Իբրեւ մենակատար նվագել է մոլորակի ամենահեղինակավոր նվագախմբերի հետ` անվանի դիրիժորների ղեկավարությամբ: Վերջին տասնամյակում Պինկաս Ցուկերմանը հավասարապես ելույթներ է ունենում որպես դիրիժոր՝ ղեկավարելով աշխարհի մի շարք առաջատար նվագախմբեր:
Պինկաս Ցուկերմանի լայնածավալ ձայնադարանն ընդգրկում է ավելի քան 100 անուն: Նա 21 անգամ եղել է Գրեմմի մրցանակի թեկնածու եւ երկու անգամ արժանացել է «Գրեմմի»-ի: Ձայնագրվել է Angel, CBS, Decca, Deutsche Grammophon, London, Philips, Sony, BMG Classics/RCA Victor Red Seal ընկերությունների համար։
Լուրեր Հայաստանից - NEWS.am