Դեկտեմբերի 8-ին Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառում: Աջարիայի հայերի հոգեւոր առաջնորդ Արարատ քահանա Գումբալյանի կողմից մատուցված պատարագից եւ երկրաշարժի անմեղ զոհերի ոգեկոչման կարգից հետո, ներկաների առջեւ ելույթ ունեցավ Բաթումի ավագանու (սաքրեբուլո) ղեկավար Իրակլի Չավլեիշվիլին, որը կարեկցանքի խոսքեր ասելուց բացի ընդգծեց, որ հայ ժողովրդի դժբախտությունը նաեւ բոլոր վրացիների դժբախտությունն է, եւ իրենք միշտ կանգնած են հայ ժողովրդի կողքին:
Այնուհետեւ ելույթ ունեցավ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Պատմելով 1988-ի արհավիրքի եւ նրա աղետալի հետեւանքների մասին՝ նա կարեւորեց ողջ աշխարհի անգնահատելի աջակցությունը՝ շեշտելով, որ եղբայրական Վրաստանն առաջինն էր, որ օգնության ձեռք մեկնեց մեզ: Գլխավոր հյուպատոսը նշեց, որ Վրաստանից եւ, մասնավորապես, Աջարիայից, տասնյակ կամավորներ են մեկնել աղետի գոտի` փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին մասնակցելու համար: Աջարիայի հայ համայնքի «Մեր տունը Վրաստանն է» կազմակերպության ղեկավար Սահակ Տալիթյանը պատմեց Լենինականում ու Սպիտակում իր եւ իր բաթումցի ընկերների կատարած աշխատանքի, այն օրերին աղետի գոտում տիրող ահավոր իրավիճակի մասին:
Միջոցառման ավարտին ներկաները, որոնց թվում էին Աջարիայի կառավարության աշխատակիցներ, Բաթումում հավատարմագրված դիվանագետներ, բաթումահայեր, ծաղկեպսակներ զետեղեցին եկեղեցու բակում գտնվող խաչքարին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով ահավոր արհավիրքի զոհերի հիշատակը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ