Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում հայ հոգևորականի բացակայությունը պատճառ է դառնում, որպեսզի շատ հաճախ կրոնական ծիսակատարություններ եկեղեցում չիրականացվեն: Այս կապակցությամբ Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը դիմել է Պոլսի հայոց պատրիարքարան եկեղեցում հոգևորական նշանակելու խնդրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը նշել է, որ 2011 թվականին եկեղեցու վերաբացվելուց հետո այստեղ ծիսակատարություններ արվում են միայն հատուկենտ տոների ժամանակ, իսկ հոգևորականն էլ այդ օրերին բերվում է Ստամբուլից: Ընդգծելով, որ Թուրքիայի հայկական եկեղեցիներում մշտապես զգացվում է հոգևորականի պակաս` Թուրքայը նշել է, որ պատրիարքարանը հոգևորական չնշանակելը պայմանավորում է նրանց քիչ թվով: «Սա շատ կարևոր եկեղեցի է, և ուզում ենք, որպեսզի այստեղ կանոնակարգված ձևով կրոնական ծիսակատարություններ արվեն: Պատրիարքարանի աշխատակիցները հայտնեցին, որ հնարավորության դեպքում այստեղ հոգևորական կնշանակեն: Մենք ակնկալում ենք, որ դա տեղի ունենա կարճ ժամանակում: Այս հարցում բոլորս պահանջ ունենք»,- ասել է Թուրքայը:
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը:
Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց:
ARMENPRESS.am