Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շթայնբախը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողության խնդրել հայերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության մարդու իրավունքների և հումանիտար օգնության աշխատանքային խմբի ղեկավարը Էրդողանի` Գերմանիա նախատեսված այցին ընդառաջ անդրադարձել է 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված հանցագործությանը և թուրքական կողմի` դրա հետ առերեսվելու անհրաժեշտությանը: «Ես կոչ եմ անում Էրդողանին այլևս չժխտել սրանից 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի մերձավորներից ներողություն խնդրելով` խաղաղության ձեռք մեկնելու ժամանակն արդեն վաղուց եկել և անցել է»,- ասել է Շթայնբախը: Խոսելով այն մասին, որ մոտենում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, նա հայտնել է, որ այդ տարիներին թուրքական կառավարությունը հետապնդել և սպանել է ավելի քան մեկ միլիոն հայերի:
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով` արդեն ժամանակն է, որպեսզի Էրդողանը հաշվի նստի պատմության հետ և նայի ճշմարտության աչքերին: Միաժամանակ նա պահանջել է, որպեսզի Հայոց ցեղասպանության մասին իրականությունը չխեղաթյուրվի թուրքական դասագրքերում:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
ARMENPRESS.am