Տպագիր գրքի հանդեպ հետաքրքրությունը, չնայած օնլայն ընթերցանության հնարավորություններին, Հայաստանում դեռ մեծ է։ NEWS.am-ի թղթակիցն այսօր շրջել է մայրաքաղաքի հիմնական գրախանութներով ու զրուցելով գրախանութների վաճառողների ու գնորդների հետ՝ պարզել, որ հայ ընթերցողների շրջանում ավելի մեծ պահանջարկ ունի համաշխարհային գրականությունը։
«Ճիշտն ասած՝ վերջին շրջանում շատ են գիրք կարդում ու գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծացել է: Կարող եմ փաստել, որ կարդում են եւ հայերեն, եւ ռուսերեն, եւ անգլերեն: Կարդում են թե դասականների, եւ թե ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները: Շատ են կարդում Ջ. Օսթին, Մարկես, Կոելյո, Դովլաթով, Վերբեր: Մեզ մոտ տարբեր տարիքի եւ տարբեր նախասիրությունների մարդիկ են հաճախում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բուկինիստ» գրախանութի վաճառող-խորհրդատու Հասմիկ Բոյաջյանը:
Ժամանակակից հայ գրողներից նախընտրում են Հրաչյա Սարիբեկյան, Արամ Պաչյան, Հենրիկ Էդոյան։
«Վերջերս մեծ պահանջարկ ունեն լուսահոգի Լեւոն Խեչոյանի գրքերը»,- ասաց Հասմիկը: Ի դեպ, Խեչոյանի գործերի հանդեպ աճող հետաքրքրության մասին մեզ պատմեցին նաեւ մյուս գրախանութներում։
Գրախանութի վաճառողուհին համաձայն չէ այն տարածված կարծիքի հետ, որ երիտասարդները քիչ են կարդում. «Գրականության հանդեպ սերը երիտասարդների մոտ կա, այլ հարց է` ինչ չափով ու ինչ գրականություն հանդեպ»:
Երեւանյան մեկ այլ գրախանութում` «Բյուրոկրատում», մեզ տեղեկացրին, որ անցած շաբաթվա ընթացքում ամենամեծ պահանջարկն ունեցել է անգլիացի նշանավոր գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը:
Գրավաճառների մշտական հաճախորդ Դավիթ Արծրունին գրախանութներից քիչ օգտվելը կապում է սոցիալական խնդիրների հետ:
«Եթե չասեմ 100, ապա 80 տոկոսով քիչ կարդալը կապված է հենց սոցիալական խնդիրների հետ: Հացի խնդիր լուծող մարդը, երբեք փող չի տա, գիրք առնի»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքը կարդում է թվայնացված գրքեր, բայց նախընտրում է տպագիր գիրքը: