Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ն (Արամ Սարգսյան), ով Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, համերգային շրջագայությունը կսկսի Ռուսաստանից։
Արամ MP3-ն դեռևս փետրվարի 3-ին հանրության դատին էր հանձնել «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված։
«Արամ MP3–ն» իր շրջագայությունը Ռուսաստանում և Եվրոպայում կսկսի «Vitamin Club» հումորային ծրագրի անձնակազմի հետ, որի անդամ է Արամը։ Երգչի հյուրախաղերը կսկսվեն Ռոստովից մարտի 28–ին»,– ասվում է Vitamin Club–ի Facebook–յան էջում։
Համերգները ծրագրված են նաև Պյատիգորսկում (մարտի 29–ին), Կրասնոդարում (մարտի 30–ին) և Սոչիում (ապրիլի 1–ին)։
«Երգիչը Մոսկվա և Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ կայցելի մարտի 5–ին և 7–ին»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանյան շրջագայությունը կավարտվի Նիժնի Նովգորոդում ապրիլի 8–ին։ Հյուրախաղերի եվրոպական հատվածի ժամանակացույցի մասին առայժմ չի նշվում։
«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով: Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրոպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մարտի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մարտի 10-ին:
Կոպենհագենը նախկինում 2 անգամ հյուրընկալել է Եվրատեսիլը՝ 1964 և 2001 թվականներին, իսկ 2005-ին այստեղ անց են կացվել մրցույթի 50-ամյակին նվիրված տոնակատարությունները:
Եվրոպական հեռարձակող միությունը Եվրատեսիլի թիմի հետ համատեղ նոր կանոններ է սահմանել Եվրատեսիլ–2014 երգի մրցույթի համար։ Քվեարկության համակարգը չի փոխվել, ժյուրիի քվեարկությունը նախկինի պես կազմում է յուրաքանչյուր մասնակից երկրի ընդհանուր արդյունքի 50 տոկոսը։ Հիմնական նորարարությունները կանդրադառնան երաժշտական մրցմանը մասնակցող երկրների ազգային ժյուրիի քվեարկության համակարգին։ Մասնավորապես նորարարություններից մեկը դարձել է այն, որ ազգային ժյուրիի անդամների անունները պետք է հայտարարվեն մինչև մրցույթի սկիզբը` մայիսի 1–ը։ Մրցույթի եզրափակիչ փուլից հետո նաև կհրապարակվի մրցույթի յուրաքանչյուր փուլի ընթացքում ժյուրիի յուրաքանչյուր անդամի կողմից ներկայացված գնահատականը։
Նոր կանոններից նաև հետևում է, որ ազգային ժյուրիի կազմում նախկինի պես կարող են ընդգրկվել երաժշտական արդյունաբերության պրոֆեսիոնալ երգիչները, սակայն այն պայմանով, որ նրանք ժյուրիի կազմում չեն եղել նախորդ երկու մրցույթների ժամանակ։ Բացի այդ, «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում բաժին կբացվի, որտեղ ժյուրիի անդամները և հանդիսատեսը կկարողանան տեղեկացնել քվեարկության ընթացքում կատարված խախտումների մասին։
Այս տարի հիմնականում միջոցների բացակայության պատճառով մրցույթի մասնակցությունից հրաժարվել է Բուլղարիան, Սերբիան, Չեխիան, Սլովակիան, Կիպրոսը, Խորվաթիան և որոշ այլ երկրներ։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։
ar.newsarmenia.ru