«Եվրատեսիլ 2014»–ին հայ կատարող Արամ MP3–ի (Արամ Սարգսյան) երգն ու տեսահոլովակը պաշտոնապես կներկայացվեն մարտի 14–ին, տեղեկացրեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության համաձայն` հայ կատարողի երգի և տեսահոլովակի պրեմիերան, որի մասին տեղեկատվությունը տեղադրվել է Եվրատեսիլի պաշտոնական կայքում, տեղի կունենա ուրբաթ ժամը 22։00–ին Հանրայինի եթերում։
Հայ կատարողի երգն ընտրվել է հայազգի և արտասահմանցի կոմպոզիտորների ներկայացրած ավելի քան 75 ստեղծագործություններից։
«Երգն ընտրվել է պրոֆեսիոնալ focus group–ի հետ բազմափուլ լսումների և ուսումնասիրությունների արդյունքում։ Հաշվի են առնվել ժամանակակից համաշխարհային երաժշտական միտումները, Արամ MP3–ի երաժշտական տվյալներն ու երաժշտական ճաշակը», – նշել են մամուլի ծառայությունից։
Արամ MP3–ին փետրվարի 3–ին ներկայացրել է «Only Teardrops» երգի իր cover տարբերակը` սեփական ոճով և պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքների նվագակցությամբ։
«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով: Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրոպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:
2014 թ.–ին մրցույթին կմասնակցի 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 6–ին, ելույթ կունենա 16 երկիր, իսկ մայիսի 8–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցի 15 երկիր։
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ին, որը ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում, ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի առաջին մասում։ Առաջին կիսաեզրափակչի առաջին մասում Հայաստանի հետ հանդես կգան նաև Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանն ու Էստոնիան, իսկ երկրորդ մասում հանդես կգան Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սան Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։
Երկու կիսաեզրափակիչների արդյունքում ընտրված տասական հաղթողները եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկիր Դանիայի ներկայացուցիչների հետ։
Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։
Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։
2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։
ar.newsarmenia.ru