Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում ստեղծվել է հայկական նոր կազմակերպություն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, «Սոչիի հայերի միություն» կոչված կազմակերպության նախագահ է ընտրվել հայտնի գործարար և հասարակական գործիչ Վալերի Թորոսյանը:
Ինչպես նշվում է այդ կազմակերպության սահմանադիր փաստաթղթերում, այն ստեղծվել է տարբեր մակարդակներում ազգամշակութային խնդիրների լուծմանը հայերի ներգրավվածությունն ապահովելու, ազգամշակութային խնդիրների փոխադարձաբար ընդունելի լուծումներ փնտրելու համար այլ ազգերի հետ շփումներ ստեղծելու, Սոչի քաղաքում կայուն տնտեսական եւ միջազգային իրադրություն ապահովելու, փոքր բիզնեսի զարգացմանը նպաստելու, ինչպես նաև իրավապահ մարմիններին և լրատվական միջոցներին աջակցելու նպատակով:
Նշենք, որ Սոչիում՝ համաքաղաքային մակարդակով սա առաջին հայկական կազմակերպությունն է, որը չի մտնում մինչև վերջին ժամանակներս առանց այլընտրանքի քաղաքում գործած Ռուսաստանի հայերի միության կազմը: Ինչպես մեզ հայտնել է Սոչիի հայերի միության նախագահ Վալերի Թորոսյանը, հիմնադիրների համախմբման և նոր կազմակերպության ստեղծման դրդապատճառ են դարձել ազգային հարցերում Ռուսաստանի հայերի միության անգործությունը, 2011 թվականի մայիսին Սոչիում իրականացված զորավար Անդրանիկի հուշարձանի քանդումը և ՌՀՄ-ի այդ խնդիրը լուծելու անկարողությունը: Վալերի Թորոսյանի խոսքերով՝ ՌՀՄ-ի գործունեության գլխավոր խնդիրը այդ կազմակերպության ղեկավարների ժողովրդի կարիքներից և ակնկալումներից հեռու լինելն է: «Ի տարբերություն ՌՀՄ-ի՝ Սոչիի հայերի միության համար ամենակարևորը հայն է՝ որպես մարդ, դրա համար կազմակերպության հիմնադիրների շարքում կան ոչ միայն գործարարներ, այլ նաև թոշակառուներ, երիտասարդներ, մտավորականներ, գիտնականներ, լրագրողներ, իրավապաշտպաններ և այլն», – նշել է Վալերի Թորոսյանը:
Ըստ Թորոսյանի՝ Սոչիի հայերի միության առաջնահերթ նպատակներից մեկը դեկտեմբերին կայանալիք Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա մտնելու թեկնածուների ընտրություններին քաղաքի հայ բնակչության ակտիվ մասնակցության ապահովելն է: «Ընդ որում՝ մենք մեր հայրենակիցների վրա ճնշում չենք գործադրում՝ փորձելով համոզել նրանց քվեարկել որևէ կոնկրետ կուսակցության օգտին: Մեր նպատակը քվեարկությանը մասնակցելու անհրաժեշտությունը բացատրելն է, իսկ ում օգտին նրանք կքվեարկեն՝ դա իրենց ազատ ընտրության իրավունքն է», – ասել է Սոչիի հայերի միության նախագահը: