Դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Արդար Ռուսաստան» կուսակցության համագումարը, որը հրավիրվել է ՌԴ նախագահի թեկնածու առաջադրելու օրակարգով:
«Արդար Ռուսաստանը» նախ ամփոփել է դումայական ընտրությունների արդյունքները, ինչի համաձայն կուսակցությունը համարյա կրկնապատկել է իր ցուցանիշը՝ 13,2 տոկոսով զբաղեցնելով երրորդ տեղը եւ ստանալով 64 մանդատ:
Համագումարը փաստել է այս ընտրությունների արդյունքում Ռուսաստանում քաղաքական մրցակցության եւ կուսակցությունների դերակատարության աճը: Իր ծրագրերը առաջ մղելու համար նոր Դումայում «Արդար Ռուսաստանը» իրավիճակային դաշինքներ է կազմելու մյուս խմբակցությունների հետ, պատրաստակամ է նաեւ կապ հանդիսանալ հասարակության այն շերտերի հետ, որոնց ներկայացուցիչները Դումա չեն անցել:
Հաջորդ տարի մարտին տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար համագումարը առաջադրել է կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի թեկնածությունը: Իր ծրագրային ելույթում նա հայտարարել է, որ զարգանալու համար Ռուսաստանը պետք է այլընտրանքի, իսկ քաղաքացիները՝ իրական ընտրության հնարավորություն ունենան:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, համագումարին հյուրի կարգավիճակով մասնակցել է Հ.Յ.Դ. Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը:
Կուսակցության ղեկավարությանը եւ համագումարի պատգամավորներին ողջույնի ուղերձ է հղել Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն Մարմինը, ուր մասնավորապես ասվում է. «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության դիրքերի ամրապնդումը, անշուշտ, նպաստում է Ռուսաստանում քաղաքական համակարգի զարգացմանը եւ համապատասխանաբար՝ ռուսաստանյան հասարակության հրատապ խնդիրների լուծմանը: Այն նաեւ դրական ազդեցություն է թողնում ԱՊՀ տարածքում սոցիալ-դեմոկրատական սկզբունքների ամրագրման վրա: Վստահ ենք, որ հետագայում եւս Դաշնակցության եւ «Արդար Ռուսաստանի» հարաբերությունները ինչպես երկկողմանի միջկուսակցական մակարդակում, այնպես էլ Սոցինտերնի շրջանակում կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների եւ միջազգային սոցիալիստական շարժման զարգացնանը»:
Հարկ է նշել, որ ՌԴ Պետական Դումայի ընտրություններում «Արդար Ռուսաստանի» ցուցակում ընդգրկված էին ամենաշատ թվով հայեր: Նրանցից ընտրվել է Հովհաննես Օհանյանը, ով վայր է դնելու Դաշնային Խորհրդի անդամի իր լիազորությունները եւ խորհրդարանական գործունեությունը շարունակելու է Դումայի կազմում: Նա այս գումարման Դումայում միակ հայն է հանդիսանում: