Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Շուշանիկ Ասմարյան. Գիտությանն առաջին հերթին պետք է պետական հովանավորչություն, որն առայժմ միայն «բարի ցանկություն» է

20.05.2013   
  
hits: 7367


Շուշանիկ Ասմարյանը աշխարհագրական գիտությունների թեկնածու է: 1999թ-ին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրական ֆակուլտետի գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնը, իսկ այնուհետև 2003թ.-ին` Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2008թ.-ին` «Երևան քաղաքի տարածքի էկոլոգագեոմորֆոլոգիական գնահատում» թեմայով: 2000թ.-ին անցել է ստաժավորում` Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտում:

1998թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն). ղեկավարում է «Աշխարհագարական տեղեկատվական համակարգեր և հեռազննման տեխնոլոգիաներ» բաժանմունքը: ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Բնապահպանության և բնօգտագործման» ամբիոնում դասավանդում է «Լանդշաֆտային պլանավորում» և «Տարածական տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում» առարկան: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

...Պատերազմող նորանկախ Հայաստանի թիվ 11 միջնակարգ դպրոցում գործում էր փոքրիկ գիտակների ակումբ, որտեղ դասերից հետո վառարանի շուրջ հավաքվում էին «ինչուների քաղցով» տարված դպրոցական ընկերներ և երկխոսություն ծավալում. «Բուռն երկխոսության պատասխաններն այնուհետ ձեռագրում էինք դպրոցական «Կամերտոն» թերթ-հանդեսում, որի «տպաքանակը» խիստ սահմանափակ էր, իսկ թերթի յուրաքանչյուր համարը` անգին :)»:

Շուշանիկը փոքրուց սիրում էր «ինչու»-ներ և մեծացել է պատասխանները գտնելու պահանջով, որը սկզբում ծնողները, իսկ այնուհետև գրքերը և հեռուսատեսությունը սկսեցին մասամբ բավարարել։ Իսկ ստացվող պատասխանների նորովի մեկնաբանության նոր պահանջը նրան բերեց գիտության աշխարհ: Սիրում է բուն հետազոտության գործընթացը, իրեն գիտնական չի համարում. «Պարզապես` հետազոտող»:

Սիրում է երաժշտություն` նվագում է, շատ է ընթերցում. նախապատվությունը տալիս է գեղարվեստական, պատմական, գիտահանրամատչելի գրականությանը, թատերասեր է` դպրոցական տարիքից: Սիրում է ճանապարհորդել և, բարեբախտաբար, մասնագիտությունը և աշխատանքը ընձեռում են այդ հնարավորությունը: Ունի սիրած շատ ասույթներ. «Չթվարկեմ, այլ ասեմ, թե ինչ են դրանք ինձ ներշնչում. վստահել սեփական ուժերին, լինել հավասարակշռված և համառ, սովորել սպասել, ակնկալել առավելագույնը, չվհատվել անհաջողությունից և նորից փորձել, ի վերջո դառնալ սեփական կյանքի պատճառ, այլ ոչ` հետևանք»:

Կյանքի ամենաշրջադարձային պահերն է համարում առաջին հերթին` իր բալիկների ծնունդները. «Դրանից հետո սկսեցի նորովի արժևորել ժամանակը և գնահատել յուրաքանչյուր ձեռքբերում, հատկապես` մասնագիտական»:

- Շուշանիկ, ի՞նչ գիտական խնդիրների վրա եք աշխատել անցյալում և աշխատում ներկա պահին, ի՞նչ տպագրություններ, ինչպիսի՞ հաջողություններ ընդհանրապես։

- Իմ և ողջ խմբի գիտական հետազոտությունները ներառում են լանդշաֆտների անթրոպոգեն փոփոխությունների էկոլոգիական խնդիրները և վերջիններիս որակական և քանակական գնահատման մեթոդիկայի մշակումը` ժամանակակից աշխարհագրական տեղեկատվական և հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ:

Տիեզերական բազմասպեկտրալ և հիպերսպեկտրալ նկարների վերծանմամբ փորձում ենք հիմնել բնատարածքային համալիրների անթրոպոգեն փոփոխությունների հեռազննման մոնիթորինգային համակարգ, ստեղծել տարածական տեղեկատվական ենթակառուցվածքներ և միջազգայնորեն ստանդարտավորված տարածական տեղեկատվական շտեմարաններ, որոնք հնարավորություն կտան հեշտությամբ ինտեգրվել համաեվրոպական երկրատեղեկատվական ենթակառուցվածքներին:

Հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել են բազմաթիվ հանրապետական և միջազգային գիտաժողովներում և սեմինարներում. մասնավորապես` «Շրջակա միջավայր և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ - EnviroINFO» ամենամյա միջազգային գիտաժողով` 2002 Վիեննա, Ավստրիա; ԱՏՀ և Հեռազննման տեխնոլոգիաների ամենամյա միջազգային գիտաժողով` 2010 Թբիլիսի, Վրաստան; Քարտեզագրական և տեղեկատվական տեխնոլոգիաների համաեվրոպական կոնգրես` 2009, Մյունխեն, Գերմանիա; Համաշխարհային աշխարհագրական կոնգրես` 2012, Քյոլն, Գերմանիա և այլն: Արդյունքում ստացվել են բազմաթիվ համագործակցության առաջարկներ, որոնց շրջանակներում ձևավորվել, մշակվել և կյանքի են կոչվել մի շարք միջազգային գիտական նախագծեր:

Բաժնի միջազգային համագործակցությունն ընդգրկում է բազմաթիվ երկրներ` Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ, Շվեյցարիա, Իռլանդիա, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Ռումինիա և այլն: Իսկ վերջին համաեվրոպական գիտական նախագծերի մասնավորապես FP7 EnviroGRIDs նախագծին ասոցացված անդամակցության շնորհիվ (www.envirogrids.net) հնարավորություն ընձեռվեց կապ հաստատել ավելի քան 30 եվրոպական գիտական կենտրոնների և համալսարանների հետ: Արդյունքում Շվեյցարիայում` Ժնևի Համալսարանի Շրջակա միջավայրի հետազոտությունների ինստիտուտի,  Իռլանդիայում` Դուբլինի Համալսարանի և ԱՄՆ Արևմտյան Վիջինիայի համալսարանի հետ արդեն մշակվել և արդեն հաջողությամբ իրականացվում են FP7 EcoArm2ERA (www.ecoarm2era.eu) և SNSF/SCOPES (2009-2012) "ARPEGEO" (www. arpegeo.sci.am) նախագծերը:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

- Մեր խմբի հաջողության գրավականը համարում եմ նրանում առկա թիմային մտածելակերպը: Իսկ կազմակերպության սահմաններում այն հաջողությամբ ընդգրկում է ստորաբաժանումները, ինչն ըստ իս կարևոր է` որպես որջ կազմակերպության հետագա ստրատեգիական զարգացման ուժեղ դիրքորոշում:

Գաղտնիք չէ, որ այսօր նոր գիտական ձեռքբերումներն ակնկալվում են տարբեր ուղղությունների համադրման և միջդիսցիպլինար հետազոտությունների իրականացման արդյունքում: Դրա վառ օրինակ են հանդիսանում այսօր մեր Կենտրոնում գործող գիտական ստորաբաժանումների միջև համագործակցության արդյունք հանդիսացող գիտական նախագծերը և պայմանագրային աշխատանքները: Արդյունքում մշակվում են նորագույն մեթոդներ և տեխնոլոգիական մոտեցումներ, որոնք էլ հաջողությամբ կիրառվում են` որոշում կայացնող կազմակերպությունների կողմից առաջադրված խնդիրների լուծման ժամանակ:

Հաջողությամբ համագործակցում ենք ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և Ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Բարձր հաշվողական տեխնոլոգիաների լաբորատորիայի հետ իրականացնում ենք հայ-շվեյցարական համատեղ մշակված «ARPEGEO» միջազգային գիտական նախագիծը:

Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այս մոդելը միշտ չէ, որ հաջողությամբ է գործում այլ գիտական կազմակերպություններում:

- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

- Մասնակցել եմ բազմաթիվ դրամաշնորհային ծրագրերի և տնտեսական պայմանագրային աշխատանքների: Այժմ ղեկավարում եմ երկու գիտական նախագիծ, իսկ երրորդում հանդես եմ գալիս որպես հայաստանյան գիտական խմբերից մեկի ղեկավար`

ՀՀ ԳԿՆ Գիտության պետական կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների աջակցության ծրագիր – 2010» ծրագրի շրջանակներում` «Քաջարան քաղաքի ծանր մետաղներով աղտոտման հեռազննման մեթոդների մշակում» նախագիծ (2011-2013)` նախագծի ղեկավար

Եվրամիության 7-րդ շրջանակային ծրագրով ֆինանսավորվող FP7 EcoArm2ERA (www.ecoarm2era.eu) նախագիծ (2011-2014)` նախագծի կոորդինատոր-ղեկավար

Շվեյցարիայի Գիտության ազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող "ARPEGEO" (www. arpegeo.sci.am) նախագիծ (2011-2013)` նախագծի հայաստանյան խմբի ղեկավար:

Ստացված դրամաշնորհների շնորհիվ հնարավոր եղավ տեխնիկապես վերազինել «ԱՏՀ և հեռազննման տեխնոլոգիաների» բաժինը, արտերկրից ժամանած մասնագետների հետ համատեղ իրականացնել չափումներ և արդյունքների համատեղ մշակում: Հաջողությամբ իրականացվում է կադրերի վերապատրաստում արտերկրում:

- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված, և որքա՞ն մասն է կազմում Ձեր անձնական ներդրումը։

- Տպագրված աշխատանքներում համահեղինակների թիվը կարող է խիստ տատանվել (2-7), իսկ անձնական ներդրման աստիճանը կախված է առաջադրված խնդրի բնույթից և ծավալից:

- Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները՝ հասարակության կողմից գիտությունը չկարևորե՞լը, արժեհամակարգի խեղո՞ւմը անկախության տարիներին, համապատասխան պետական օղակների վատ աշխատա՞նքը, թե՞ այլ։

- Նշված բոլոր գործոնների գումարային ազդեցությունն է. գիտելիքի և գիտության առևտրայնացման և շուկայական հարաբերությունների հաստատման տարերային բնույթը ստեղծեց կատարյալ քաոս: Գիտության խորհրդային դպրոցը պատրաստ չէր այդ փոփոխություններին. սերնդափոխությունը էապես դանդաղեց, եթե չասենք, որ մի շարք ուղղություններում անգամ կանգ առավ: Սոցիալական ճգնաժամը էապես նոսրացրեց երիտասարդ գիտնականների շարքերը` նպաստելով գիտնականների արտագաղթին:

Եթե անգամ գիտելիքը դիտարկվում է` որպես շուկայական «ապրանք», ապա որակական աճի համար անհրաժեշտ է առողջ մրցակցություն, որը բացակայում է անգամ հանրապետության տնտեսական դաշտում: Երիտասարդ սերունդը, որն արագ փոխվում է միջին սերնդի, ինքնուս է, իսկ կրթության մեկնած երիտասարդները հիմնականում չեն վերադառնում: Մնացածն արդեն` դոմինոյի օրենքով...

Առաջին հերթին պետք է պետական հովանավորչություն, որն առայժմ միայն «բարի ցանկություն» է:

Աշխարհով սփռված հայ գիտական մտքի կամրջելու ճանապարհով, միջազգային համագործակցության շնորհիվ դժվարությամբ, բայց դեռ հասանելի ենք դարձնում գիտության համար նախատեսված և աշխարհում առկա ֆինանսական միջոցները` վերազինելու համար գիտական լաբորատորիաները, ներդնելու նորագույն տեխնոլոգիաներ, որպեսզի ստացվի միջազգային ստանդարտներին համապատասխան գիտական «ապրանք»: Բայց այստեղ ի հայտ են գալիս նոր, գիտության աշխարհի ներկայացուցչին խորթ դժվարություններ կապված տարբեր գերատեսչություններին բնորոշ բյուրոկրատական քաշքշուկների և վազվզոցի հետ, որի արդյունքում, ներողություն, գիտությամբ զբաղվելու ժամանակ չի մնում։ :)

Կոպիտ է հնչում, բայց ավաղ շուկան է թելադրում: Եվ այդպես մինչև ե՞րբ….

- Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել պետական կառույցների և մասնավոր հիմնադրամների կողմից։

- Մրցանակներն անխոս կարևոր են, բայց, էապես փոփոխել իրավիճակը, չեն կարող: Ավելին, դրամաշնորհային ծրագրերին դիմելու, հաջողության դեպքում այդ աշխատանքները կոորդինացնելու համար արդեն բավականաչափ ժամանակ է պահանջվում, որից տուժում է հատկապես դրամաշնորհային ծրագրի ղեկավարի գիտական մասնաբաժինը ծրագրում: Այստեղ նորից հաջողության գրավականը կազմակերպված թիմային աշխատանքն է` աշխատանքի հստակ բաժանմամբ և ճիշտ կոորդինացիայով: Բայց նորից հարց. այդպես մինչև ե՞րբ... սա հարցի լուծում չէ...

- Սովորաբար մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս` որպես հիմք ընդունվում է կամ տպագրությունների քանակը կամ հղումների թիվը։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ չափանիշներով արժե անցկացնել մրցույթները հաջորդ տարիներին։

- Հաշվի առնելով գիտության խիստ «ինքնատիպ» վիճակը Հայաստանում, պետք է մշակել համալիր գործակից, որը պետք է արտացոլի գիտաշխատողի համալիր ներդրումը. այստեղ տպագրությունների քանակին զուգընթաց չափազանց կարևոր է գիտական արդյունքի նյութականացման աստիճանը, որն արտացոլվում է ներպետական և միջազգային  տնտեսական պայմանագրերի քանակով, սա արդեն որակի գնահատման չափանիշ է և, ըստ իս, ստացված գիտական արդյունքների պիտանելիության գնահատման առավելագույն աստիճան:

- Իսկ եթե  մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակի՞ցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։ Տեխնիկապես, ինչպե՞ս կարելի է դա իրականացնել։

- Կրկնում եմ` մրցանակաբաշխություններում պետք է մշակել գիտական աշխատանքների արդյունավետության գործակից, որը տպագրությունների քանակին զուգահեռ ներառի նաև գիտական արդյունքների` տնտեսության մեջ ներդրման և շահագռգիռ կազմակերպություններին տարբեր ծառայությունների տեսքով մատուցման աստիճանը: Այսօր դեռ առավելությունը տրվում է տպագրությունների քանակին:

- Փորձարարները բողոքում են, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, ու քանի որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է, ապա սովորաբար շահում են տեսաբանները։

- Խնդիրն ավելի սուր է գիտության հիմնարար և կիրառական ուղղությունների միջև: Կիրառական ուղղության զարգացման ֆինանսավորման խնդիրն այսօր մասամբ լուծում են տարատեսակ ներպետական և միջազգային մրցույթները, սակայն գիտության հիմնարար ուղղությունը լուրջ պետական աջակցության կարիք ունի:

- Ո՞րն է այսօր երիտասարդ գիտնականի առջև ծառացած հիմնական խնդիրը։

- Սոցիալական անկայունությունը: Դրամաշնորհային ծրագրերը մշտական չեն...

- Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։

- Առկա խնդիրների բարձրաձայնմանը սոցցանցերում վերաբերվում եմ դրական: Միայն ամբիոններից չէ, որ պետք է դրանք բարձրաձայնվեն, բայց էական փոփոխությունների դժվար հանգեցնեն: Գիտությամբ զբաղվելն այսօր «թանկ հաճույք» է:

- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ` մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

- Այո, աշխուժացում  անշուշտ կա, ինչպես օրինակ ՀՀ ԳԿՆ ԳՊԿ կողմից միջազգային համագործակցության խթանման գործընթացը, դրա վկայությունն են տարբեր երկրների հետ համագործակցության համաձայնագրերը, որոնց շրջանակներում հայտարարված երկկողմ և եռակողմ գրանտային ծրագրերն ու մրցույթները հնարավորություն են ստեղծում «սայլը, թեև դանդաղ, բայց առաջ տանել»:

Կարծես թե սկսում է ձևավորվել պետական կառույցներին կից փորձագիտական ինստիտուտը, որտեղ ներգրավվում են գիտության տարբեր ուղղություններով մասնագետներ: Էկոկենտրոնն արդեն ներգրավված է այդ գործընթացում, ունի հաջողված փորձ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ պետական և ոչ պետական կառույցների հետ: Ուստի ցանկալի է ամրացնել, շարունակելի և օրինակելի դարձնել այն մյուս կառույցների համար` գիտականորեն հիմնավորված որոշումների կայացման լուրջ ակնկալիքով:

- Շատ է խոսվում այն մասին, որ կոռուպցիան ամենամեծ չարիքներից մեկն է մեզանում։ Որքա՞ն է դա տարածված գիտական աշխարհում։

- Բարեբախտաբար, ես չեմ առնչվել նման երևույթների, թեև չեմ բացառում դրանց գոյությունը մեզանում: Ես ինձ համարում եմ Հայաստանում պատերազմի ծանր տարիներին հիմնադրված եզակի գիտափորձարարական դպրոցի սան և բացառիկ ավանդույթների կրող, որը պարտավոր եմ փոխանցել մյուս սերունդներին:

- Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և արտասահմանում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

- 2000 թ.-ին ստաժավորվել եմ ՌԴ Գիտությունների Ակադեմիայի Աշխարհագրության Ինստիտուտում: Արտասահմանում աշխատանքային այլ փորձ չունեմ: Միջազգային համագործակցության շրջանակներում մասնագետների հետ փորձի փոխանակումը ցույց է տալիս նրանց աշխատանքի կազմակերպման գործում հստակությունը, օպերատիվությունը և աշխատանքի ճիշտ կոորդինացիան:

- Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։

- Իգական սեռի ներկայացուցիչների մասնակցությունը մեծապես խրախուսվում է միջազգային ծրագրերում: Ավելին, Եվրամիության շրջանակային ծրագրերում մատնանշվում է իգական սեռի ներկայացուցիչների ցանկալի գերակայությունը աշխատանքային խմբի կազմում, առավել ևս` կոնսորցիումի ղեկավար կազմում:

Հայաստանում կնոջ համար գիտական կարիերա անելու ճանապարհները փակ չեն, պարզապես պետք է աճպարարի հմտությամբ համատեղել ընտանեկան և մասնագիտական առօրյան։ :)

- Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգին: Արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ ներդրնել այդ համակարգը Հայաստանում։

- Ըստ իս, Հայաստանում դեռևս լուրջ բարելավման կարիք ունեն մագիստրոսական և թեկնածուական կարգավիճակի համակարգերը, շատ բան պետք է հստակեցվի կրեդիտների ստացման հարցերում: Ներողություն, բայց Բուլոնյան կրթական համակարգը դեռ «մարսված չէ»:

- Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստա՞ն, թե՞ արտասահման…

- Ես սկզբունքորեն երկարաժամկետ ծրագրեր չեմ կազմում: Ես պարզապես ուզում եմ շարունակել այն գործը, որն այսօր հաջողությամբ իրականացնում եմ` ի նպաստ Հայաստանում գիտական դպրոցի պահպանման և զարգացման:

- Ի՞նչ մաղթեք երիտասարդ գիտական հանրությանն այս տարի։

- Հավատ եմ մաղթում և համառ աշխատանք: Հաջողությունը դժվարամատչելի է, բայց ո՛չ անիրական:

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը