Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Աննա Գյուլխանդանյան. Պայքարում ենք՝ դեռ չկորցնելով հավատը, որ մի օր մենք էլ կլինենք գիտության ոլորտում զարգացած երկիր. չ՞է որ գիտության նվաճումներով է հզոր երկիրը…

12.05.2013   
  
hits: 3301


ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի ավագ լաբորանտ Աննա Գյուլխանդանյանը 2011 թ.-ից սովորում է նույն ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: «Կենսաբանություն» մասնագիտությամբ մագիստրոս է` «Գենետիկա և բջջային կենսաբանություն» մասնագիտացմամբ, մագիստրոսական ավարտական աշխատանքը կատարել է գենետիկայի և բջջային կենսաբանության ամբիոնում:

Աննան աշխատում է լինել ակտիվ քաղաքացի և վարել աշխույժ ապրելակերպ…: Բացի ռուսերեն և անգլերեն օտար լեզուներից, գերազանց տիրապետում է նաև ֆրանսերեն լեզվին, աշխատում է «Կազա» շվեյցարական Մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնում` որպես ֆրանսախոսների ակումբի պատասխանատու: Անչափ սիրում և հետաքրքրվում է գեղասահքով, հաճախում է սահադաշտ, զբաղվում է ֆիտնեսով, պարով, սիրում է նաև սեղանի թենիս խաղալ։ Ազատ ժամանակն անցկացնում է ընկերների հետ: Մանուկ հասակում հաճախել է ջութակի դասերի. «Նվագել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակահարների համույթում»:

Այնուամենայնիվ, առաջին տեղում են բնական գիտությունները, որոնցով հերաքրքրվել է դեռ մանկուց: Դպրոցում ավելի նախընտրել է բնական գիտությունները ներկայացնող առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն), քան հումանիտար առարկաները` պատմություն, աշխարհագրություն և այլն: Ավարտել է ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը: Դպրոցական տարիներին շատ էր սիրում ֆիզիկան և ուզում էր դառնալ ֆիզիկոս…: Սակայն հետաքրքրվում էր նաև կենսաբանությամբ, հատկապես հետաքրքիր էր մոլեկուլային մակարդակը` կյանքի ծագումը, ժառանգականության սկզբունքը, հիվանդությունների առաջացման պատճառները և դրանց բուժման մեխանիզմները: Այդպիսով, որոշեց համատեղել ֆիզիկան և կենսաբանությունը՝ ընդունվելով ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի «Կենսաֆիզիկա» բաժանմունքը:

Բակալավրական ավարտական աշխատանքը նվիրված էր արյան սպիտակուցների հետ պորֆիրինների փոխազդեցության հետազոտությանը: Այն ուղղված էր ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայում կիրառվող պատրաստուկների` պորֆիրինների, սպեկտրալ հատկությունների ուսումնասիրությանը և արյան մեջ փոխադրիչ սպիտակուցների հետ դրանց փոխազդեցության հետազոտությանը:

Մասնագիտական առումով շրջադարձային էր մագիստրատուրայում մասնագիտության փոփոխությունը, երբ Կենսաֆիզիկայի անբիոնից փոխադրվեց Գենտիկայի և բջջային կենսաբանության ամբիոն. «Քանզի կարելի է ասել, որ հենց այդ ժամանակ իրականում սկսվեց իմ գիտական գործունեությունը»:

Մագիստրոսական թեզը վերնագրված է «Նոր պորֆիրինների ցիտոտոքսիկության և ֆոտոտոքսիկության ուսումնասիրությունը in vitro պայմաններում»։ Աշխատանքը նվիրված էր օնկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներից մեկի` ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար արդյունավետ պատրաստուկների որոնմանը: Աշխատանքի նպատակն էր` ուսումնասիրել կատիոնային պորֆիրինների սպեկտրալ հատկությունները և դրանց կործանարար հնարավորության արդյունավետությունը քաղցկեղի բջիջների տարբեր կուլտուրաների վրա. ինչպես HeLa (արգանդի վզիկի քաղցկեղի էպիթելի բջիջներ)` բջիջների միաշերտ դասական կուլտուրայի վրա, այնպես էլ K-562 (խրոնիկ միելոիդ լեյկոզի լիմֆոբլաստների)` մարդու բջիջների սուսպենզիոն կուլտուրայի վրա:

Ներկա պահին շարունակում է ուսումնասիրել պորֆիրինները` որպես հակաբակտերիալ պատրաստուկներ, նրանց կապումը տարբեր նանոմասնիկների հետ և այդ նանոկոմպոզիտների ազդեցությունը հակաբիոտիկների դեմ կայուն մանրէների տարբեր շտամների ապաակտիվացման վրա: Ունի տպագրված 7 աշխատանք, այդ թվում 4-ը` արտասահմանյան գիտաժողովների աշխատանքների ժողովածուներում: Աշխատանքներում սովորաբար ընդգրկված են լինում 3-5 համահեղինակ. «Բարձր մակարդակի աշխատանք կատարելու համար և լավ արդյունքներ ունենալու համար անհնար է գործը անել միայնակ»:

Տվյալ պահին ներգրավված է 2 դրամաշնորհների աշխատանքներում (հայ-բելառուսական և ANSEF։ Վերջերս հաղթել է նաև «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2012» մրցույթում, ստացել դրամաշնորհ: Վերջին նախագծի ղեկավարն է։ Հայ-բելառուսական համագործակցության շրջանակներում գործուղվել է Բելառուսի ԳԱԱ Ֆիզիկայի ինստիտուտ, մասնակցել է համատեղ փորձերում` կանսաինժեներիայի բնագավառում: Կենսաինժեներիայի գիտական խումբը, որտեղ աշխատում է Աննան, համագործակցում է մի շարք արտասահմանյան առաջատար կենտրոնների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի Նանտի Համալսարանի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի, Գերմանիայի Մաքս Պլանկ մոլեկուլային կենսաբանության ինսրիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի Ֆիզիկաքիմիական կենսաբանության ինստիտուտի, Մոսկվայի քիմֆիզիկայի ինստուտի, Սարատովի Համալսարանի և մի շարք այլ կենտրոնների հետ:

Համարում  է, որ միջազգային համագործակցությունը նպաստում է` ընդգրկվել համատեղ դրամաշնորհներում, կատարել համատեղ աշխատանքներ և ներկայացնել դրանք բարձր միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում: Ներքին համագործակցություն նույնպես ունի մեծ նշանակություն, հնարավորություն է տալիս օգտվել այլ լաբորատորիաներում առկա ժամանակակից սարքերից, կատարել բարձր մակարդակի համատեղ փերձեր: Դա կարևոր է, սակայն՝ անբավարար, քանի որ, ցավոք սրտի, այդպիսի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաները եզակի են Հայաստանում:

Զրուցեցինք նաև Հայաստանում գիտության վիճակի, առկա հիմնական հարցերի ու խնդիրների մասին։

-Գիտությունը Հայաստանում պարզապես չի գնահատվում: Պատճառները շատ են և տարատեսակ: Երբեմն այն հարցին, թե՝ ինչո՞վ ես զբաղվում, եթե պատասխանես` գիտությամբ, ապա պարզապես ապշեցնող արձագանքի կհանդիպես. “Հայաստանում ի՞նչ գիտություն… ու՞մ է պետք… Բա հետո ի՞նչ ես անելու… ոչ մի ապագա չկա Հայաստանում գիտնականների համար… Դե ինչքա՞ն պիտի լինի որ քո ստացած աշխատավարձը…”: Ասես` անես մի գործ, որը չի հարգվում և ոչ ոքի պետք էլ չէ, ասես` մեր երկրում անիմաստ մի բանով զբաղվես: Հայաստանում ավելի պահանջված և գնահատված են հումանիտար մասնագիտությունները: Ինքս մի քանի անգամ կանգնել եմ երկընտրանքի առաջ, մտածել եմ թողնել գիտությունը, աշխատել ուրիշ բնագավառում, բայց դեռ կարողանում եմ ինքս ինձ հույս տալ և համոզել, որ մոտ ապագայում մի բան կփոխվի, և գիտության վիճակը կլավանա Հայաստանում: Բայց համոզված չեմ, որ ունակ եմ անվերջ սպասել այդ օրվան…

Թերֆինանսավորման գլխավոր պատճառներից մեկը պետության բյուջեից անբավարար միջոցներ տրամադրելն է, և կարծում եմ, որ պետք է սկսել հենց այդտեղից:

Մրցանակներն ու խրախուսական մրցանակաբաշխություններն, իհարկե, մեծ խթան են հանդիսանում մեզ համար, մոտիվացնում են հետագա գիտական գործունեությանը: Կարծում եմ` դրանք անհրաժեշտ են, բայց ո՛չ բավարար: Դա ժամանակավոր և ոչ կայուն խրախուսող ձեռքբերում է: Այդպիսի մրցանակների ու մրցանակաբաշխությունների ավելացումն, իհարկե, լավ է, դրանք անշուշտ ազդում են Հայաստանում գիտության ընդհանուր վիճակի լավացման վրա: Բայց միայն այդ տիպի աջակցմամբ հարցը չի լուծվի: Գիտնականը պետք է ունենա բավարար չափով կայուն եկամուտ: Եվ դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին պետական կառույցները:

Չափանիշների վեաբերյալ։ Կարծում եմ, կիրառվող երկու չափանիշներն էլ շատ կարևոր են` և՛ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը, և՛ հոդվածների հղումների թիվը: Ուստի, մրցանակաբաշխություններն օբյեկտիվորեն անցկացնելու համար երկու չափանիշներն էլ պետք է հաշվի առնել միաժամանակ: Առհասարակ, «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգի հաղթողին որոշելու համար, կարևորագույն չափանիշ է հանդիսանում աշխատանքի արդիականությունը, թե որքանով է տվյալ աշխատանքն արդիական մեր օրերում, և որքանով այն կարող է կիրառելի լինել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Այս պարագայում միայն մեկ չափանիշ հաշվի առնելը չի կարող օբյեկտիվ լինել: Աշխատանքը կարող է տպագրված լինել որոշակի ազդեցության գործակից ունեցող ամսագրում, բայց հղումներ չունենա, կամ ունենա մի քանիսը, ուստի նշանակում է, որ աշխատանքը այդքան էլ արդիական չէ: Առանց ազդեցության գործակցի ամսագրում տպագրված, բայց լավ և արդիական աշխատանքն, այնուամենայնիվ, հղումներ կունենա: Դրա համար կարևոր է հաշվի առնել հղումների քանակը: Սակայն, քանի որ բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրվող աշխատանքները ավելի շատ են կարդացվում և ավելի կիրառելի են, ուստի և ավելի հաճախ են հղվում, հետևաբար` կարևոր է հաշվի առնել նաև ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակը:

Փորձարարների և տեսաբանների հարցը։ Իրականում այդ խնդիրը առկա է գիտական բոլոր ոլորտներում: Փորձարարների համար շատ կարևոր են արտասահմանյան, ինչպես նաև ներպետական համագործակցությունները, քանի որ լուրջ աշխատանք միայնակ չես անի, ուղղակի անհնար է: Իսկ ստեղծել կապեր արտասահմանյան խոշոր կենտրոնների հետ, այդքան էլ հեշտ չէ: Մինչդեռ տեսաբանների համար այդ համագործակցությունները այդքան էլ անհրաժեշտ պայման չեն: Ուստի, նրանց համար լուրջ աշխատանք ունենալն ավելի հեշտ է դառնում. ունես մտքեր, խելք, հետաքրքիր գաղափարներ` կարող ես լավ աշխատանք ներկայացնել: Որպեսզի պայմաններն ավելի ընդունելի դառնան, կարելի է, օրինակ, մրցանակաբաշխություններում տեղերն առանձին բաշխել, այսինքն, առանձին մրցույթ անցկացնել տեսաբանների համար, և առանձին` փորձարարների համար, ասել է, թե` առանձին տեղեր հատկացնել փորձարարների և տեսաբանների համար:

Երիտասարդ գիտնականների խնդիրները։ Ցածր աշխատավարձ, սարքավորումների պակաս, աշխատելու անբարենպաստ պայմաններ և այլն` ո՞րը թվարկես :( Կարծում եմ, այս բոլորը վերացնելու համար կպահանջվի բավականին երկար ժամանակ…

Պայքարելը։ Կարծում եմ` կարևոր է։ Պե՛տք է պայքարել՝ գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար, քանզի, ի վերջո, բոլորս էլ ուզում ենք, որ մեր երկիրը զարգանա և առաջընթաց ապրի: Պայքարը ելնում է ոչ միայն սեփական շահերից, այլ նաև պետական և, ինչ-որ տեղ, հայրենասիրական շահերից: Ինչո՞ւ պետք է իր երկրի քաղաքացին հեռանա հայրենիքից, որտեղ ծնվել ու մեծացել է, գնա օտար երկիր, եթե համապատասխան պայմանների առկայության դեպքում գիտնականը կարող է մնալ իր հայրենիքում, զբաղվել իր գործով, ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը, և իր հաջողությունները օգտագործել և ներդնել իր իսկ երկրի զարգացման համար: Դրա համար էլ պայքարում են՝ դեռ չկորցնելով հավատը, որ կհասնեն որևիցե արդյունքի, և մի օր մենք էլ կլինենք գիտության ոլորտում զարգացած երկիր:

Իհարկե գիտնականի միակ գործը չի կարող լինել բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց նյութականի մասին մտածելու: Առանց նյութականի, վերջիվերջո, ապրելն ու գոյատևելն ուղղակի անհնար է:

Գիտությամբ զբաղվելու ցանկություն երիտասարդի մոտ պետք է առաջացնել ուսման վաղ փուլերում: Ցավոք, մեր ԲՈՒՀ-երը ամենևին համալրված չեն նոր ու ժամանակակից սարքավորումներով, և ուսանողը գրեթե երբեք հնարավորություն չունի՝ գործնականորեն փորձելու այն, ինչը պարզապես սովորում է տեսականորեն: Բնականաբար, այդպես լավ մասնագետ չես դառնա: Գիտության մեջ շատ կարևոր է գործնական պրակտիկան, բայց ինչպե՞ս դա իրագործել, եթե չկան համապատասխան պայմաններ, սարքավորումներ և նյութեր: Տեսական գիտելիքներ ունենալը շատ կարևոր է և անհրաժեշտ, բայց բավարար չէ: Կարծում եմ` շատ կարևոր է գիտահետազոտական ինստիտուտներում և ԲՈՒՀ-երում բարենպաստ պայմաններ ստեղծելը՝ գիտության զարգացման համար: Պետությունը պե՛տք է մեծացնի գիտությանը և կրթությանը տրամադրող բյուջեն:

Բարեբախտաբար, ես իմ ոլորտում մինչ օրս այդքան էլ չեմ տուժել կոռուպցիայից, չնայած չեմ կարող ասել, որ այն բացարձակապես բացակայում է: Իմ աշխատանքը երբեք չի շահագործել իմ մինչ օրս ունեցած ղեկավարից ոչ ոք:

Սեռը, ըստ իս, զգալի խնդիր չի հանդիսանում Հայաստանում և խոչընդոտներ չի առաջացնում՝ հաջողված կարիերա ստեղծելու ճանապարհին, մանավանդ՝ գիտության ոլորտում: Ունես խելք, մի քիչ էլ ճարպիկ ես, ուրեմն՝ կարող ես հաջողությունների հասնել:

PostDoc համակարգը ներկա պահին Հայաստանում ներդնել ուղղակի անհնար է, քանի որ բացակայում են համապատասխան միջազգային մակարդակի գիտական կենտրոններ: Իրականում, դա շատ կարևոր աստիճան է երիտասարդ գիտնականի համար, և այն կնպաստի գիտնականի ինտեգրմանը միջազգային գիտական համակարգին:

Արտասահմանում դեռ չեմ աշխատել: Կուզենայի ավելի շատ մասնակցել արտասահմանյան գիտաժողովներին և դպրոցներին, քանզի շատ եմ կարևորում արտասահմանյան մասնագետների և գիտնականների հետ շփումը, գիտական փորձի ձեռքբերումն ու փոխանակումը և միջազգային հայտնի կենտրոնների հետ կապերի ստեղծումը: Կուզենայի դառնալ այնպիսի մասնագետ, որ հետագայում կարողանայի օգուտ տալ իմ երկրին:

Ցավոք, ներկայում լավ պոտենցիալ ունեցող շատ երիտասարդ մասնագետներ աշխատում են Հայաստանում չմնալ և արտագաղթում են երկրից՝ ցանկանալով աշխատել գիտության համար ավելի նպաստավոր պայմաններում, նոր սարքավորումներով հագեցած հայտնի կենտրոններում, լինել ավելի պահանջված և լավ վարձատրվող մասնագետ:

Ափսոս է, որ երկիրը կորցնում է այդպիսի երիտասարդների, որովհետև հարց է առաջանում՝ իսկ ովքե՞ր են լինելու Հայաստանի ապագան, ովքե՞ր են դասավանդելու է՛լ ավելի երիտասարդ սերնդին… Չ՞է որ գիտության նվաճումներով է հզոր երկիրը…

Երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանը մաղթում եմ համբերություն, հույս, հավատ, նորանոր նվաճումներ գիտական ոլորտում: Ինչպես նաև՝ առողջություն, սեր և բարություն:

Զրուցեց Մանե Հակոբյանը

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը