Դեկտեմբերի 22-ին «Փոքր Փարիզ» սրճարանում կայացավ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը, որտեղ ազգագրագետ Սոնիա Թաշչյանը եւ ավագ խոհարար Լեւոն Ավագյանը ներկայացրեցին հայկական ամանորյա ծիսական ավանդույթերը, այնուհետեւ պատրաստեցին հայկական ամանորի սեղանի ավանդական ճաշատեսակները:
Միջոցառման հյուրերը հնարավորություն ստացան ինչպես հետեւելու, այնպես էլ անմիջականորեն մասնակցելու ճաշատեսակների ինտենսիվ պատրաստման գործընթացին:
Պատրաստման ընթացքում ներկայացվեցին հայկական տարեհացի, անուշապուրի, պասուց դոլմայի, ղափամայի ավանդական բաղադրատոմսերը:
Ճաշատեսակներից յուրաքանչյուրի պատրաստման գործընթացն ուղեկցվեց դրանց մասին փոխանցված առասպելների, ավանդույթների, իրական պատմությունների, խոհանոցային զրույցների ներկայացմամբ, հայկական երգերով եւ տաղերով:
Միջոցառման անցկացման վայրում ներկայցված էին հայկական ատրիբուտներ եւ հայկական ավանդական ամանորյա ծառը:
Հիշեցնենք, որ «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային մաստեր-կլասը «Մենք հանուն ժողովրդավարության» մարդասիրական հասարակական կազմակերպության Մշակութային բազմազանության ապահովման «Ծիրանենի» հանձնաժողովի նախաձեռնությունն է: «Կաղանդ հայկական ամանորի սեղանը» մշակութային ծրագիրը նախատեսում է ներկայացնել Նոր տարվա՝ Կաղանդի տոնման հայկական ավանդույթները, ծիսակարգը, հայկական ամանորի սեղանի ճաշատեսակները, դրանց պատրաստման յուրահատկությունները:
Մելինե Տոնոյան, NEWS.am STYLE