Հյուսիս-հարավ մայրուղու երկայնքով՝ Կաքավաձորում, Ներքին Բազմաբերդում, Ներքին Սասնաշենում և Վերին Սասնաշենում, 2013թ. իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են նեոլիթյան ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային ժառանգություն» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։
Տարածքը, որն արշավախմբերը հետազոտել են, գրեթե չի ունեցել վերգետնյա նշաններ. միայն երկու տեղում պատաշարերի կասկածելի հետքեր են հայտնաբերվել: Փոքր մակերեսի վրա իրականացված պեղումների արդյունքում բացահայտվել է երկու հուշարձան։
«Ճանապարհից դեպի հարավ՝ Երևան-Թալին ճանապարհից դեպի ձախ, պեղվեց մի դամբարան, որը, ամենայն հավանականությամբ, իրենից ներկայացնում էր ժայռի վրա կառուցված դամբարանամուտքով շինություն, իսկ ներսում հայտնաբերված գտածոներից շատ կարևոր էին կավանոթները՝ խիստ արխայիկ: Խիստ հաշվարկներով այն պետք է վերաբերի երրորդ հազարամյակին, և չի բացառվում նաև այն, որ այդ դամբարանը ունեցել է կրկնակի թաղում»,- նշեց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:
Պեղումներն իրականացնելիս նաև հայտնաբերվել է մանգաղաձև գործիք: Այն եղել է ամենահին գտածոն, որն արշավախմբի մասնակիցները գտել են տարածքը պեղելիս: Ըստ Հակոբ Սիմոնյանի, նմանատիպ մանգաղաձև գործիք հայտնաբերվել է Գառնիում՝ վաղ բրոնզեդարյան շերտերի պեղումների ժամանակ:
Ճանապարհից դեպի հյուսիս ընկած տարածքում հայտնաբերվել է քարե ինդուստրիայի հարուստ տեսականի։ Պեղումների ընթացքում հայտնաբերվել են դանակաձև քարե շերտեր կամ մակրոլիտներ. «Մակրոլիտների հետ միասին եղել են նաև քերիչներ, կտրիչներ, պրիզմայաձև միջուկներից հանված բազմաթիվ շեղբեր, որոնք օգտագործվում էին կտրելու նպատակով: Եղել են քերիչներ, որոնց օգնությամբ քերթում էին և մշակում կենդանիների մորթին»,- պատմեց Հակոբ Սիմոնյանը:
Գիտահետազոտական կենտրոնի տնօրենի գնահատմամբ՝ հավաքածուն, որ գտել են Արագածոտնի շրջանի տարածքներն ուսումնասիրելիս, դասական է, քանի որ խեցեղենից զատ հայտնաբերվել են նաև կավանոթների բեկորներ, որոնց շուրթերը զարդարված են եղել մատնեքլունգներով. «Հատուկ փոսիկներ են արել: Դա այն ժամանակվա ճաշակի տեսակետից ընդունված, մոդայիկ էր: Հուշարձանների խճանկարի ցանցում բացահայտվել է մի խիստ կարևոր օղակ, որը մեզ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել հին Արագածոտնի տնտեսության, մարդկային կենցաղի և ունեցվածքի մասին»։
Որպեսզի ճանապարհը չվնասի պատմամշակութային ժառանգությունը, խնդիր է դրվել ճանապարհագծի ողջ երկարությամբ ուսումնասիրել, պեղել և վավերագրել բոլոր պատմամշակութային արժեքները: «Կարևոր գտածոների առկայության դեպքում փոխվելու է ճանապարհի հետագիծը։ Իսկ եթե այնպես ստացվեց, որ հնարավոր չի լինի ճանապարհը փոխեն եւ ճանապարհի վրա կարող են հայտնվել կարեւոր պատմամշակութային արժեքներ, անշարժ հուշարձաններ, ապա դրանք կառուցող կողմը պարտավորվում է իր միջոցներով տեղափոխել անվտանգ վայր, նոր կառուցել ճանապարհը»,- ասաց Հակոբ Սիմոնյանը։
Հյուսիս-հարավ ավտոմայրուղին կձգվի Մեղրիից մինչև Բավրա և կունենա 556 կմ երկարություն: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 962 մլն դոլարից 500 միլիոնը տրամադրելու է Ասիական զարգացմանը բանկը: Իսկ աշխատանքները նախատեսվում է ավարտել 3 տարի անց: