Թուրքական Radikal պարբերականի հայտնի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Եթե Էրդողանը չգնա Հայոց ցեղասպանության հուշարձան...» հրապարակման մեջ անդրադարձել է Թուրքիայի ղեկավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը։
Թուրք սյունակագիրը հրապարակման սկզբում հիշեցնում է 1970-ի ապրիլի 7-ին Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Վիլլի Բրանդի կողմից Լեհաստանում զոհված հրեաների հուշարձանին մեխակներ դնելը։ «Մեխակները դնելուց հետո նա ուղղեց ժապավենը, մեկ-երկու քայլ հետ գնաց եւ պատմության ընթացքը փոխող քայլ կատարեց։ Նա կամաց-կամաց ծնկի իջավ խոնավ աստիճանների վրա եւ ձեռքերը միացրեց առջեւում։ Գետնին կռացած նա այդ քայլով բարձրացրեց իր ազգին»,-գրել է Օրհան Քեմալ Ջենգիզը։
Radikal-ի լրագրողը շարունակել է. «Իսկ մենք Բրանդի չափ խիզախ վարչապետ կունենա՞նք։ Մի օր Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ժխտման բիծը այս ժողովրդի վրայից մաքրող մի ղեկավար կլինի՞»։
Լրագրողը հիշեցրել է, որ Դավութօղլուն մի կողմից Շվեյցարիային խնդրում է Հայաստանի հետ հարցերը կարգավորել, մյուս կողմից դիվանագիտական ճանապարհով փորձում է կանպել Ժնեւում հայերի կողմից հուշարձանի տեղադրումը։
Ըստ Օրհան Քեմալ Ջենգիզի՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի բոլոր երկրներում ակտիվ դիվանագիտական աշխատանքներ են իրականացվել, Թուրքական պատմագիտական ընկերությունը 2015-ին ընդառաջ գրքեր է հրատարակում, Թուրքիայի ԱԳՆ-ը ամբողջ աշխարհին «թուրքական թեզերը» տարածելու համար ջոկատներ է կազմել։
«Այս երկրում սպանված, բռնաբարությունների ենթարկված, անհամար տանջանքներով մահացածների առաջ հարգանքով խոնհարվելու քաջություն եթե չենք կարողանում ցուցաբերել, գոնե լռենք։
Եթե չենք կարողանում Բրանդի պես ծնկի իջնող եւ ազգի կոտրված պատիվը վերականգնող ղեկավար ունենանք, գոնե հրաժարվենք աշխարհի մասշտաբով ժխտմամբ գովենք մեզ»,-գրել է Radikal-ի սյունակագիրը։