Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Երեւան Հայոց ցեղասպանության նախաշեմին հայ-թուրքական հարաբերություններում առաջխաղացման տպավորություն թողնելուն ուղղված քայլ է: Այս մասին դեկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոնի» տնօրեն Հայկազուն Ալվրցյանը:
Նա նշել է, թե չպետք է մոռանալ, որ Դավութօղլուն ՀՀ մայրաքաղաք է գալու, որպեսզի մասնակցի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այս համատեքստում դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա:
«Սակայն ես պետք է ասեմ, որ, հաշվի առնելով մեր տարածաշրջանում վերջին գործընթացները, Թուրքիան ցանկանում է ինչ-որ կերպ հանդես գալ: Այսպես ասած` հիշեցնել իր ներկայության մասին: Սակայն դա, ըստ իս, խոսում է նաեւ Թուրքիայի կողմից դեպի հետ կատարվող քայլի մասին: Հայաստանի կողմից Ադրբեջանին իբր 2 շրջան հանձնելու վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջադրելու վերջին փորձն է: Սակայն, ցավոք, դա ՀՀ ԱԳՆ-ի հաղթանակը չէ: Ամենայն հավանականությամբ, դրա պատճառն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը` կովկասյան տարածաշրջանում Մոսկվայի հետագա ամրապնդման վերաբերյալ», - նշել է Ալվրցյանը:
Ըստ փորձագետի` Թուրքիան տապալել է Դավութօղլուի «զրո խնդիրներ հարեւաների հետ» քաղաքականությունը: Մասնագետը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները նախապայմաններով կարգավորելու վերաբերյալ Դավութօղլուի կրկնվող հայտարարությունները խոսում են այն մասին, որ Անկարայի քաղաքականությունը չի հաջողվել, եւ Երեւանում հանդիպումից հետո Թուրքիան արտաքին քաղաքականության նոր մարտավարություն կմշակի:
Լուրեր Հայաստանից - NEWS.am