NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Մարտին Դեմուրջյանի հոդվածը, որը հրապարակվել է «The MetroWest Daily News»-ում:
Սպիտակ տանը պահվում է գորգ, որը հայտնի է որպես հազիրյան որբերի գորգ: Այն գործել են Հազիրի մանկատան աղջիկները, որտեղ մոտ 1400 որբ երեխա է գտնվել: Սա մեկն էր այն շատ մանկատներից, որոնք հիմնվել էին Միացյալ Նահանգների կողմից 1915թ.-ին հայերի ջարդի հետեւանքով որբացած հայ երեխաների օգնության համար: Թուրքիայի քրիստոնյա բնակչության մեծ մասը ոչնչացվեց. Շատերը սա անվանում են ժամանակակից առաջի ցեղասպանությունը, որն իրագործվել էր երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի կողմից:
Պատմական այդ գորգը 1925թ.-ին ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին նվիրել էր «The New York Times»-ի գլխավոր խմբագիր, Մերձավոր Արեւելքի օգնության կոմիտեի նախագահ, դոկտոր Ջոն Ֆայնլին՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած հումանիտար օգնության համար: Այդ իրերը անցյալը տեղափոխում են ներկա:
Դեկտեմբերին Սմիթսոնյան ինստիտուտում նախատեսվում էր ներկայացնել գիրք՝ հազիրյան որբերի գորգի շեշտադրությամբ: Սպիտակ տունը պետք է իրադարձության համար տրամադրեր այդ գորգը: Սակայն գորգի ցուցադրությունը հետաձգվեց, այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հրաժարվեց գորգը տրամադրել՝ առանց որեւէ բացատրության: Գորգը ցուցադրելու մյուս փորձերը զգալի դիմադրության էին հանդիպում Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի կողմից:
Կարծում եմ, Սպիտակ տունը հրաժարվեց գորգը տրամադրել Թուրքիայի եւ նրա կողմնակիցների կամքին համաձայն: Նախագահ Վիլսոնը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ եւ հետո համագործակցում էր Հայաստանի հետ: Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնը, որը գտննվում է Վաշինգթոնում, կազմելով Սմիթսոնյան ինստիտուտի մաս, անտեսում է Վիլսոնի գերծուենության այս դրվագը: Սմիթսոնյան ինստիտուտը բարեկամաբար տրամադրված չէ ամերիկահայերի հանդեպ: Նրա ամենամյա զեկույցները ցույց են տալիս, որ Սմիթսոնյան ինստիտուտը եւ Վիլսոնի անվան կենտրոնը կորպորատիվ հսկաների կողմից մեծ աջակցություն ստանում են, այդ թվում պաշտպանական ընկերությունների կողմից, որոնք Թուրքիայի հետ բիզնես են վարում: Հայտնի է, որ այդ ընկերություններին խրախուսում են զբաղվել լոբբինգով ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւերի նախագծերի, որոնք շրջանառվում են ԱՄՆ - ի Կոնգրեսում: