Ապրիլի 10–ին Տալինի ազգային գրադարանի շենքում կբացվի հայ նկարիչներ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքների ցուցահանդեսը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը։
«Նկարիչները կմեկնեն Տալին մարտին, իսկ ապրիլի 10–ին կկայանա ցուցահանդեսի բացման արարողությունը»,– ասաց Հարությունյանը։
Ըստ նրա, գարնանը հիմնադրամի նախաձեռնությամբ արվեստի հայ գործիչները Գերմանիայում կներկայացնեն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նվիրված մշակութային մեծ նախագիծ։
«Հիմնադրամի կողմից հրավիրված հայ նկարիչները, դերասանները և երաժիշտներն ապրիլի 24–ին կներկայացնեն իրենց իմպրովիզացիաները գերմանացի բանաստեղծ և գրող Արմին Վեգների` արևմտյան հայերի ողբերգական ճակատագրին նվիրված ստեղծագործությունների հիման վրա»,– հայտնեց Հիմնադրամի նախագահը` զերծ մնալով առաջիկա նախագծի մանրամասների հաղորդումից։
Հարությունյանը միաժամանակ ավելացրեց, որ արդեն աշնանը նախագիծն ամբողջությամբ կներկայացվի հայ հանդիսատեսին։
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ղեկավարը հայտնեց նաև, որ հիմնադրամի աշխատանքային գործունեության մեկնարկն այս տարի կնշանավորվի հայ ականավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի և նրա որդու` Նարեկ Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսով, որը կանցկացվի փետրվարի 20–ին` Գերմանիայի Գալի Մորիցբուրգ գեղարվեստական թանգարանում։
Հարությունյանն ավելացրեց նաև, որ նոր տարում հիմնադրամը ծրագրում է իրականացնել չորս նախագիծ, որոնց մասին տեղեկությունը կտրամադրվի ավելի ուշ։
Նովոստի–Արմենիա