Քրդական PKK-ի մեկ այլ անվանումով հայտնի KCK-ի կին համանախագահ Բեսե Հոզաթը հայերի եւ հույների հանդեպ թշնամություն սերմանող արտահայտություն է արել, որը խիստ զարմացրել է Թուրքիայի հայերին։
Քրդական Firat գործակալությանը տված հարցազրույցում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ) կին համանախագահ Բեսե Հոզաթը, խոսելով Թուրքիայում Ֆեթհուլլահ Գյուլենի ստեղծած զուգահեռ պետության մասին, անդրադարձել է նաեւ հայերին, հույներին եւ հրեաներին։
Բեսե Հոզաթը նշել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են։ Նման զուգահեռ պետությունները միմյանց հետ կապի մեջ են եւ շահեր ունեն միմյանցից։ Զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական եւ սահմանադրական իրավունքներ, ինչպես երեւում է չունեն նաեւ զորք, բայց ունեն կազմակերպված եւ ուժեղ կառույց»,-ասել է քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։
Նշենք, որ բավականին տարօրինակ հայտարարություն արած Բեսե Հոզաթը ծնվել է Դերսիմում։ Նա PKK-ին է միացել 19 տարի առաջ։ Մինչ 2013-ի հուլիսը, երբ դարձել է KCK-ի համանախագահ, Բեսե Հոզաթը հանդիսացել է PKK_ի կանանց կազմավորումների պատասխանատուն։