Օսմանյան կառավարությունն Առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ օգտվեց հարմար պահից ու իրագործեց կայսրության քրիստոնյա տարրերից ազատվելու իր մտադրությունը: Ինչպես գրում է «The Armenian Weekly»-ն, հայերի ոչնչացման վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, սակայն ցեղասպանության մեկ դրվագ մնում է քիչ հետազոտված. խոսքն ասորիների կոտորածի մասին է: Ասորիների ցեղասպանության հետազոտման կենտրոնի(Սեյֆո կենտրոնի) հիմնադիր տնօրեն Սաբրի Ատմանը հարցազրույց է տվել «The Armenian Weekly»-ն եւ պատմել ասորիների ցեղասպանության որոշ առանձնահատկությունների մասին:
«Մենք՝ ասորիներս, 1915թ.-ի ցեղասպանությունն անվանում ենք «Սեյֆո», ինչը «սուր» է նշանակում: Այդպես ենք անվանում, քանի որ հանցագործները սպանությունների ժամանակ սեյֆոն էին որպես զենք օգտագործում: Սեյֆոն այն եզրն է, որն ընդգծում է ասորիները ցեղասպանության մասին, ինչն իրագործվել է նաեւ հայերի ու հույների հանդեպ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ասորիների կեսից ավելիի կոտորածի պատճառ դարձած ցեղասպանությունը տեղի է ունեցել Թուրքիայի հարավարեւելյան հատվածում, ինչպես նաեւ Ուրմիա քաղաքում՝ Իրանի հյուսիս-արեւմուտքում»,- ասել է Սաբրի Ատմանը:
Զոհերի թվի վերաբերյալ նա նշել է. «Ասորի զոհերի թիվն ընդհանուր սկզբնապես հաշվվում էր 250 հազար: Սակայն 1923թ.-ին Լոզանում խաղաղ բանակցությունների ժամանակ ասորի պատվիրակությունը ներկայացրեց 275 հազար զոհերի թիվ, քանի որ ավելի շատ տեղեկություններ էին հավաքել: Այնումենայնիվ, որոշ գիտնականներ համարում են, որ պարբերական սպանությունների հետեւանքով 400 հազար ասորի քաղաքացի է սպանվել»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչով է ասորիների ցեղասպանությունը տարբերվում հայերի ու հույների դեմ իրագործված զանգվածային սպանություններից, փորձագետը նշել է. «Ականատեսները, ում ես հարցրել եմ, հստակեցնում էին, որ կոտորածների ծրագրավորողներն ու իրականացնողները տարբերություն չէին դնում էթնիկ քրիստոնյաների միջու: Նրանք պնդում էին. «Սոխը սոխ է, կարմիր լինի, թե սպիտակ: Ձեզ բոլորիդ ոչնչացնել է պետք»: Այն ժամանակ, երբ շատ հայեր մահանում էի տեղահանման ճանապարհին, ասորիներին սպանում էին իրենց գյուղերում, իրենց տների մեջ»:
Հարցազրույցի վերջում Սաբրի Ատմանը հույս է հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունը մյուս պետությունների օրինակով պաշտոնապես կճանաչի ասորիների ցեղասպանությունը: Նա առաջարկել է մշակել հայերի, հույների եւ ասորիների բարեկամության վրա հիմնված ռազմավարություն եւ հանդես գալ մեկ ընդհանուր ձայնով: