Ամերիկյան «Los Angeles Times» թերթը հոդված է նվիրել հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նրա 75-ամյա հոբելյանի առթիվ՝ նրան անվանելով Հայաստանի ամենահայտնի կոմպոզիտոր: Ինչպես գրում է «Los Angeles Times»-ը, կամերային երաժշտության «Դիլիջան» խումբը հունվարի 12-ին Լոս-Անջելեսում կներկայանա նրա ստեղծագործություններով:
«Անկասկած, սա ուրախալի իրադարձություն կլինի»,- նշում է թերթը: «Los Angeles Times»-ը հավելում է, որ Մանսուրյանին ներշնչել է 20-րդ դարում հայ ժողովդրի աղետալի դրությունը եւ նրա կայուն մշակույթը: «Նա խիստ կոմպոզիտոր է, ով երբեք նոտա չի վատնում: Նրա հնչյունների աշխարհը կախարդական է: Նա գիտի, որտեղ են գործիքի ամենագեղեցիկ հնչյունները, հատկապես, երբ խոսքը լարային կամ հարվածային գործիքների մասին է, ինչպես նաեւ ձայնի մասին: Մանսուրյանի ստեղծագործությունը մեկ անգամ լսելուց հետո այն այլեւս երբեք չես մոռանա»,- եզրափակում է ամերիկյան թերթը: