Վաշինգթոնում Արթուր Սաքլերի անվան պատկերասրահում անցակցվում է անհատական ցուցահանդես՝ «Ֆոկուսի մեջ. Արա Գյուլերի Անատոլիան». ներկայացվել է մոտ 20 սեւուսպիտակ լուսանկար, որոնցում պատկերված են Թուրքիային հայտնի տեսարժան վայրերը: Այդ մասին գրում է «The Washington Post»-ը:
85-ամյա լեգենդար Գյուլերին անվանում են նաեւ «Ստամբուլի աչք» 1950-60-ական թթ. տեսարանների լուսանկարների համար, որոնք ամենաարժեքավոր լուսանկարներից են: Վաշինգթոնյան ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել, ընտրվել են 53-ը, որոնք 1989թ.-ին թանգարանին էր նվիրել Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռայմոնդ Հեյրը:
Անատոլիայի տարբեր վայրերում կատարված լուսանկարները հիմնականում պատկերում են հայերի ու սելջուկների միջնադարյան հուշարձանները: Հայկական հուշարձանների լուսանկարները, այդ թվում Վանա լճի Աղթամար կղզում 10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցու նկարները, առավել տպավորիչ են, քանի որ ինքը Գյուլերը ծագումով Ստամբուլի հայ համայնքից է: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ մայիսի 4-ը: