Թուրքական հայտնի Taraf պարբերականի հայ լրագրող Հայկո Բաղդատը բաց նամակ է հղել օրեր առաջ հակահայկական հայտարարություն արած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին: Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Հայկո Բաղդատը նամակի սկզբում հարցրել է, թե Բեսե Հոզաթի ասած Թուրքիայի ժողովրդավարացման խանգարող հայերն ու հույներն ովքե՞ր են: «Թուրքիայում մնացել են 60 հազար հայ, 20 հազար հրեա եւ 1500 հույն: Ձեր նշած զուգահեռ պետություն կոչվող կառույցի մեջ այս թվարկած ազգային փոքրամասնությունների մի մասը տեղ է գտնո՞ւմ:
Դուք կարծու՞մ եք, որ հայերը, հույները եւ հրեաները գործունեություն են ծավալում Հատուկ նշանակության գնդում եւ JITEM-ում (հիշյակ կառույցները հայտնի են տարիներ առաջ Թուրքիայում մի շարք աղմկոտ սպանություններում իրենց մասնակցությամբ-խմբ):
Ձեր նշած ազգերը ցեղասպանության են ենթարկվել, տեղահանվել իրենց հողերից եւ ստիպված են եղել ապրել օտար երկրներում: Հայկական սփյուռք կոչվածները մեր բարեկամներն են:
Եթե այդպես է, ձեր նշած ազգայնական հայերը եւ հրեական լոբբին Թուրքիայում մեր բոլորի կողմից աջակցվող քրդական հարցի կարգավորման գործընթացին կոնկրետ ի՞նչ վնասներ են տվել:
Դուք հաշվի չե՞ք առնում, որ ձեր արտահայտությունը գործիք է դառնալու Թուրքիայում երկար տարիներ ժխտողական եւ ֆաշիստական մի ավանդույթի՝ հայերին, հույներին եւ հրեաներին սատանա դարձնելու եւ նրանց դեմ թշնամանք հրահրելու փորձերի աշխուժացմանը:
Գիտե՞ք, որ ձեր հայտարարությամբ վիրավորում ենք ցանկացած հայի, հույնի եւ հրեայի: Գիտե՞ք, որ Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության (քրդերի կողմից ստեղծված կուսակցություն, որի կազմում կան հայեր, հրեաներ, հույներ, թուրքեր եւ այլք-խմբ) կազմում մեծ թվով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան:
Ես գիտեմ, թե ինչեր է գրել Աբդուլլահ Օջալանը (PKK-ի առաջնորդ) Թուրքիայում քրիստոնյաների սարսափելի անցյալից, ես գիտեմ KCK-ի տեսակետն այդ խնդիրների նկատմամբ, ես գիտեմ նաեւ, որ Ահմեդ Թուրքը (Քրդական DTK-ի նախագահ, ով քրդերի անունից 1915-ի Ցեղասպանության համար ներողություն է խնդրել հայերից-խմբ) ներողություն է խնդրել»:
Նշենք, որ որ Բեսե Հոզաթը ասել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են։ Նման զուգահեռ պետությունները միմյանց հետ կապի մեջ են եւ շահեր ունեն միմյանցից։ Զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական եւ սահմանադրական իրավունքներ, ինչպես երեւում է չունեն նաեւ զորք, բայց ունեն կազմակերպված եւ ուժեղ կառույց»,-ասել է քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։