Թուրքիայի Իմրալը կղզու բանտ այցելած եւ PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպած քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորներ Փերվին Բուլդանը, Իդրիս Բալուքեն եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը հրապարակել են Օջալանի հետ անցկացրած հանդիպման մի քանի մանրամասներ։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ BDP-ի եւ HDP-ի պատգամավորների հետ հանդիպմանը Աբդուլլահ Օջալանը խոսել է նաեւ Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքից։ Ըստ պատգամավորների, Օջալանն ասել է. «Հայ ժողովրդի արժանավոր զավակ, մեր եղբայր Հրանտ Դինքի հիշատակը հարգում եմ եւ ողջունում նրա մղած պայքարը»։
Օջալանի հետ հանդիպած պատգամավորները շեշտել են, թե Օջալանը պատրաստվում է Հրանտ Դինքի սպանության տարելիցին լայնածավալ ուղերձով հանդես գալ։