Թուրքիայում վերջին ամիսներին քուրդ գործիչների կողմից կազմավորված Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) հայ անդամները պահանջել են KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթից հետ կանգնել արած հակահայկական հայտարարությունից։ Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ HDP-ի հայ անդամների տարածած հայտարարության մեջ նշվել է. «KCK-ի համանախագահ Բեսե Հոզաթի հայտարարությունը Թուրքիայի հայերի եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ հայերի մոտ լուրջ անհանգստություն է առաջացրել։ Ձեր խոսքերը հիշեցրեց նախորդ տարի Աբդուլլահ Օջալանի խոսքերը, որոնք հետագայում փափկեցվեցին, սակայն չհերքվեցին։
Մի որոշ ժամանակ առաջ էլ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքն ասել էր թուրքերին. «Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Քրդերը 1915-ի հայերը չեն, որ կոտորեք։ Քրդերը 1955-ի սեպտեմբերի 6-7-ի հույները եւ հրեաները չեն, որ բռնություններ գործադրեք»։ Այդ խոսքերը հետագայում փոփոխվեցին եւ նա ներողություն խնդրեց, սակայն հարցականներ թողեց։
Ազատ եւ հավասար երկիր կառուցելու համար մեզ պետք է ոչ թե հեռանալ մեկս մյուսից, այլ բոլոր հալածյալներով միասին պայքարել։ Ժողովուրդների մոտ մեկը մյուսի հանդեպ վստահությունը սասանող ձեր նման արտահայտությունից պետք է մեկ վայրկյան առաջ հրաժարվել եւ այն վերաձեւակերպել»,-ասվել HDP-ի հայ անդամների պահանջի մեջ։
Նշենք, որ որ Բեսե Հոզաթը ասել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են։ Նման զուգահեռ պետությունները միմյանց հետ կապի մեջ են եւ շահեր ունեն միմյանցից։ Զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական եւ սահմանադրական իրավունքներ, ինչպես երեւում է չունեն նաեւ զորք, բայց ունեն կազմակերպված եւ ուժեղ կառույց»,-ասել է քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։
Բեսե Հոզաթին խիստ քննադատության են ենթարկել թուրք եւ քուրդ մտավորականներ, «Ակոս» պարբերականի խմբագիրները, Taraf պարբերականի հայ լրագրող Հայկո Բաղդատը, T24.com.tr կայքը եւ HDP-ի համանախագահները։
Լուրեր Հայաստանից - NEWS.am