Հայաստանում ապրող կարիքավոր սիրիահայերի աջակցության համար ավստրիական կառավարության կողմից հովանավորված ծրագերից մեկն արդեն մասամբ մեկնարկել է, մյուսը նախապատարաստական աշխատանքների փուլում է: Ավստրիան նախորդ տարվա երկորդ կեսին հայտնեց, որ 600 հազար եվրո օգնություն կտրամադրի բռնությունների հետեւանքով Սիրիայում իրենց տները լքած եւ Հայաստանում հաստատված փախստականներին: Տրամադրված գումարից 280 հազար եվրոյի աջակցության ծրագիր իրականացնելու է Հայկական կարմիր խաչի ընկերությունը, իսկ մնացյալը փոխանցվել է «Հայկական կարիտաս» ընկերությանը նմանատիպ ծրագրի կյանքի կոչելու համար: Հայկական կարմիր խաչի ընկերությանը ավստրիական կառավարության կողմից փոխանցված գումարը ծառայելու է 300 սիրիահայ ընտանիքների կարիքների լուծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայկական կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ, «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի ղեկավար Էդմոն Ազարյանը, ծրագրի շրջանակներում յոթ ամիս շարունակ կարիքավոր սիրիահայ ընտանիքներին կտրամադրվեն հիգիենիկ պարագաներ, խրոնիկ հիվանդություն ունեցողներին` համապատասխան դեղորայք, ձմեռային հագուստի և կոշիկի, կենցաղային պարագաների գնման համար նախատեսված նվեր-քարտեր, որոնք կիրառելի կլինեն մի շարք խանութներում: «Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին, գործնականորեն` նոյեմբերին, հիգիենիկ պարագաների փաթեթ է տրամադրվել 300 ընտանիքի կամ 1250 սիրիահայի: Ձմեռային հագուստի և կոշիկի գնման համար նվեր-քարտերի պատրաստումը պայմանագրային փուլում է: Խրոնիկ հիվանդություն ունեցողներին կտրամադրվի դեղորայք` ըստ իրենց կարիքների, որը մենք մանրամասն վերլուծության ենք ենթարկել: Նախատեսվում է նաև եկամտաբեր ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ գործիքներ կամ սարքավորումներ տրամադրել այն անձանց, ովքեր ունեն նման բիզնես կամ ցանկություն են հայտնել նոր գործ նախաձեռնել»,-ասաց Էդմոն Ազարյանը:
«Հայկական կարիտաս» ընկերությունից, որն ավստրիական կառավարության պատվերով ստանձնել է «Հումանիտար օգնություն սիրիահայ փախստականներին» ծրագրի իրականացումը, հայտնեցին, որ ծրագիրը նախապատրաստական փուլում է, մեկնարկը նախատեսվում է հունվարի երկրորդ կեսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի համակարգող Տաթև Թովմասյանը հայտնեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ ծրագիրն ազատվել է 20 տոկոս ավելացված արժեքի հարկից: «Ծրագրի արդյունքում 100 սիրիահայ ընտանիքի վեց ամիս շարունակ ամեն ամիս կտրամադրվի 100 եվրոյի կտրոն սննդամթերքի համար, 50 եվրոյի` հագուստի, նույնքան հիգիենիկ պարագաների և դեղորայքի համար, 150 եվրոյի քարտ` բնակարանների վարձի և կոմունալ վճարումների համար»,-ասաց զրուցակիցը` նշելով, որ շահառուներին ընտրել են` ըստ ստացված դիմում-հայտերի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած ցուցակի, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած ցանկի: «Այն ընտանիքները, որոնք ընդգրկված են Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրի մեջ, չեն ներառվել այս ծրագրում»,-հայտնեց Տաթև Թովմասյանը:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լինա Հալաջյանից փորձեցինք տեղեկանալ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագրի ընթացքի մասին: «Ծրագիրն ընթացքի մեջ է, նվիրատվություններն անընդհատ կատարվում են: Այս պահին 50 միլիոն դրամին համարժեք գումար է հավաքվել տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին»,-հարցին ի պատասխան նշեց Լինա Հալաջյանը` հավելելով, որ տարբեր միջոցներով փորձ է արվում մարդկանց տեղեկացնելու ծրագրի մասին: «Ակնկալում ենք առավել ակտիվ մասնակցություն: «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը պետք է լինի համահայկական խնդրի առարկա, քանի որ սա այն հարցն է, որի իրագործման համար պետք է մասնակցություն ունենա յուրաքանչյուր հայ: Այն կարող է նպաստել Հայաստանում հայրենադարձության նոր ալիքին, հայրենիքում սիրիահայերի հաստատամանն ու ամրապնդմանը»,-փաստեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը: Հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ թաղամասի շինարարության մեկնարկի համար, Լինա Հալաջյանը նշեց, որ նման հաշվարկների չի տիրապետում, բայց տեղեկացրեց, որ քննարկվում է ծրագրի մասնակի իրականացման հարցը: «Քննարկվում է այն հարցը, որ ծրագիրն իրականցվի փուլերով: Սկզբում կառուցվեն 1-2 շենք այն սիրիահայերի համար, ովքեր ունեն անհրաժեշտ գումարը, այնուհետև շարունակաբար կկառուցվեն նաև մնացյալ հատվածները»,- նշեց նա:
ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի միջոցով Ռուսաստանի կողմից կարիքավոր սիրիահայերին հատկացված օգնությունը, որը ներառում է 16 կիլոգրամ մթերք 5000 անհատի համար, տրամադրվում է նոյեմբերից: «Դեկտեմբերին դադար է տրվել, հունվարի կեսերից նորից կմեկնարկի, ու մինչև հունիս սիրիահայերը կստանան պարենի փաթեթը»,-ասաց Լինա Հալաջյանը: Քուվեյթի Հանրապետության կողմից կրթական ծրագրերին հատկացված 100 hազար դոլարին համարժեք դրամի օգնության մեծ մասն ուղղվել է Կիլիկյան վարժարանին, իսկ մնացած մասը ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի իրականացման համար է նախատեսված:
Հայաստանում հաստատված սիրիահայերի թվի վերաբերյալ վերջին տեղեկատվությունն էլ ճշտեցինք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում նկատվում է Սիրիայում բնակվող հայերի ժամանում Հայաստան Լիբանանի միջոցով: «Ամսական 300-400 սիրիահայ է ժամանում Հայաստան, որին զուգահեռ Հայաստանից են նաև մեկնում Սիրիա: Թվում է, թե փակ են ճանապարհները, բայց ցամաքային ճանապարհով գնում են, ընդ որում, պարբերաբար գնում են իրենց տունը, խանութը և վերադառնում»,-ասաց նա: Ներկայում միջինացված տվյալներով Հայաստանում ապրում է 11 հազար սիրիահայ:
ARMENPRESS.am