Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սենատի նախագահ Դարել Սթեյնբերգը հայտարարել է, որ Սենատի հաջորդ նախագահ, ամենայն հավանականությամբ, կդառնա սենատոր Քեւին դե Լեոնը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով «The Sacramento Bee»-ին:
Սենատի գործող նախագահի խոսքով՝ նա հայտնել է դեմոկրատ իր գործընկերներին, որ մտադիր է նահանգի Սենատը գլխավորել մինչեւ նոյեմբեր եւ կոչ է անելու քվեարկել Քեւին դե Լեոնի օգտին՝ հունիսին բյուջեի ընդունումից հետո: «Կարծում եմ, նա հիանալի առաջնորդ կլինի»,- ասել է Սթեյնբերգը:
Այս կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (Արեւմտյան շրջան) նախագահ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հայկական կազմակերպությունը բարձր է գնահատում այն, որ հնարավորություն է ունեցել սերտ համագործակցել Սթեյնբերգի հետ պաշտոնավարման ընթացքում եւ հաջողություն է մաղթում նրան հետագա գործունեության ընթացքում: «Մենք նաեւ ցանկանում են սրտանց շնորհավորել մեր լավ բարեկան ու վաղեմի կողմնակից, սենատոր Քեւին դե Լեոնին Քալիֆորնիայի Սենատի նախագահի պաշտոնում հնարավոր նշանակման առթիվ եւ անհամբեր սպասում ենք ապագայում նրա հետ սերտ համագործակցության՝ հատկապես այն հարցերում որոնք կապվախ են Ամերիկայի հայ համայնքի հետ»,- հավելել է Հովսեփյանը:
Դե Լեոնը 2006թ.-ին ընտրվել էր Հոլիվուդի Փոքր Հայաստան շրջանից: Նա սերտ համագործակցում էր հայ համայնքի հետ: 2006թ.-ին դե Լեոնն աջակցում էր Կապիտոլիում տեղի ունեցող ամենամյա միջոցառմանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առթիվ: 2012թ.-ին նա Քալիֆորնիայի Սենատում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանին՝ հրավիրելով նրան ելույթ ունենալ Ղարաբաղի ձեռքբերումների մասին: