Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը խստորեն դատապարտում է եւ անընդունելի է համարում Քուրդիստանի հասարակության միության (KCK) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի անհիմն ու վտանգավոր հայտարարությունը այն մասին, որ իբր հայ, հույն եւ հրեա լոբբիստական կազմակերպությունները Թուրքիայի պաշտոնական պետությանը զուգահեռ ընթացող պետություններ են կազմավորել՝ նպատակ ունենալով խանգարել Թուրքիայի ժողովրդավարացումը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԴՀԿ Կենտրոնական վարչությունը:
Այս արտառոց հայտարարությունը ամեն բանից առաջ անարգանք է իր բնօրրանից արմատախիլ եղած հայ ժողովրդի 1,5 միլիոն նահատակների հիշատակին եւ առհասարակ Օսմանյան կայսրության եւ նրա ժառանգորդ երիտթուրքերի լծի տակ կեղեքված ու իրավազրկուած շատ ժողովուրդների հասցեին, ներառյալ քուրդ ժողովրդի, որի իրավունքների պաշտպանությանն է կոչված է տիկին Հոզաթի ղեկավարած կուսակցությունը:
Առ այդ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության անունով կոչ ենք ուղղում Քուրդիստանի հասարակութեան միության (KCK) ղեկավարությանը՝ հստակորեն պարզաբանել իր տեսակետը այս հարցի կապակցությամբ, հետամուտ լինել, որ հետայսու նման երեւույթներ չկրկնվեն եւ վերջապես աջակցել՝ Թուրքիայի մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: