Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցի միջոցառմանը սպիտակ բրդե գլխարկներ դրած ոստիկանների հարցով վարչապետին ուղղված գրավոր հարցադրում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ CHP-ի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված գրավոր հարցադրման մեջ հետաքրքրվել է, թե 2014 թվականի հունվարի 19-ին, «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դեմ հերթապահություն անող ոստիկաններն ում հրահանգով էին բրդե սպիտակ գլխարկներ դրել, թե արդյոք հետաքննություն սկսվելո՞ւ է սպիտակ գլխարկ դրած ոստիկանների դեմ։
«Հիշատակի միջոցառմանը ոստիկանների կողմից սպիտակ գլխարկ կրելու ուղերձն ո՞ւմ էր ուղղվախ եւ ի՞նչ ուղերձ էր։ Ինչպես կբացատրեք բրդե գլխարկ հագնելու հանգամանքը, երբ դրսում ջերմաստիճանը եղել է +15»,-ասվել է գրավոր հարցադրման մեջ։
Նշենք, որ Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ մասնակիցների աչքի չի վրիպել, որ կարգը պահպանող ոստիկանները դրել էին սպիտակ բրդե գլխարկներ: Այս փաստը մասնակիցների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Այնուհետ այս թեման սոցկայքերում բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ Հրանտ Դինքին սպանելու ժամանակ Օգյուն Սամասթը հենց բրդե սպիտակ գլխարկով էր: Twitter-ում մի շարք օգտատերեր գրել են, թե երբ դրսում ջերմաստիճանը +19 է, բրդե գլխարկներ կրելը ցույց է տալիս, որ ոստիկանները ոչ թե արդարության, այլ մարդասպան Օգյուն Սամասթի կողմն են: