Թուրքիայի ոստիկանությունը հայտարարություն է տարածել հունվարի 19-ին՝ Դինքի սպանության տարելիցի միջոցառմանը ոստիկանների կողմից սպիտակ բրդե գլխարկ կրելու վերաբերյալ։
Թուրքիայի ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվել է, թե ստիպված են պարզաբանում անել, քանի որ մամուլում դրա վերաբերյալ շահարկումներ են եղել։ Հայտարարության մեջ ասվել է, թե ոստիկանների կողմից բրդե գլխարկները կրելը համազգեստի մասին 2007 թվականին ընդունված օրենքի պահանջ է։
Սակայն հայտարարության մեջ պարզաբանում չի տրվել, թե ինչ կարիք կար +15 ջերմաստիճանի պայմաններում բրդե գլխարկ կրել։
Նշենք, որ Ստամբուլում Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառման ժամանակ մասնակիցների աչքի չի վրիպել, որ կարգը պահպանող ոստիկանները դրել էին սպիտակ բրդե գլխարկներ: Այս փաստը մասնակիցների շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել: Այնուհետ այս թեման սոցկայքերում բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ Հրանտ Դինքին սպանելու ժամանակ Օգյուն Սամասթը հենց բրդե սպիտակ գլխարկով էր: Twitter-ում մի շարք օգտատերեր գրել են, թե երբ դրսում ջերմաստիճանը +19 է, բրդե գլխարկներ կրելը ցույց է տալիս, որ ոստիկանները ոչ թե արդարության, այլ մարդասպան Օգյուն Սամասթի կողմն են: