Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այցելել է օրեր առաջ հիվանդանոց տեղափոխված հայտնի ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերին։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի կառավարության պետական պաշտոնաթերթը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքն այցելել է հիվանդանոցում բուժման մեջ գտնվող Արա Գյուլերին, հետաքրքրվել հայ լուսանկարչի առողջությամբ։
Նշենք, որ հունվարի 16-ի երեկոյան Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել էր Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ավելի ուշ նրա առողջական վիճակը բարելավվել էր եւ նրան տեղափոխել էին հիվանդասենյակ։
Հիշեցնենք, որ ր Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: