Քշիշտոֆ Պենդերեցկին սիրեց հայկական մշակույթը, եւ նրա վերաբերմունքը Հայաստանի հանդեպ նոր գործի ստեղծումն է` Ցեղասպանությանը նվիրված. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Երեւանյան հեռանկարներ»փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը:
Նա նշեց նաեւ, որ ստեղծագործությունը լինելու է հայերեն գրաբար տեքստով` «Երրորդ սաղմոսը»:
«Տեքստի հարցում ես կօգնեմ նրան, քանի որ Պենդերեցկին, ցավոք, հայերենին չի տիրապետում: Պենդերեցկին խոստացել է, որ մինչեւ 2015-ի ապրիլի 24-ն այն պատրաստ կլինի: Ստեղծագործությունն առաջին անգամ կկատարվի աշխարհի մեծագույն բեմերից մեկում` Նյու Յորքի «Կարնեգի» համերգասրահում: Այնուհետեւ այն կհնչի նաեւ Լոնդոնի անվանի համերգասրահներից մեկում»,- ասաց Ռոստոմյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-16-ը Երեւանում Պենդերեցկու 80-ամյա հոբելյանի առթիվ անցկացվեց «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքը`«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում:
Yerkir.am