Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողություններից հետո աշխատանքից հեռացված ոստիկանության վերահսկողական խորհրդի նախագահ Ռամազան Աքյուրեքը դատարանի որոշմամբ վերականգնվել է պաշտոնում։
Թուրքական Radikal պարբերականի փոխանցմամբ՝ Ռամազան Աքյուրեքը աշխատանքից հեռացվելուց հետո դիմել է Անկարայի վարչական դատարան՝ բողոքարկելով իրեն աշխատանքից հեռացնելու որոշումը։
Դատարանի որոշմամբ չեղյալ է հայտարարվել նրան աշխատանքից հեռացնելու որոշումը եւ նա, փաստորեն, վերականգնվել է իր պաշտոնին։
Նշենք, որ Հրանտ Դինքի սպանության ժամանակ Ռամազան Աքյուրեքը հանդիսանում էր Թուրքիայի ոստիկանության հետախուզության վարչության պետ։ Նրան աշխատանքից հեռացրել էին սպանության մասին տեղյակ լինելու եւ չկանխելու մեջ մեղադրանքների համար, սակայն հետագայում կրկին վերադարձրել էին ոստիկանական համակարգ։
Դինքիս սպանության գործում սպանության ուղղորդման մեջ մեղադրվող Էրհան Թունջելն իր ցուցմունքներից մեկում հայտարարել էր, թե Ռամազան Աքյուրեքը Դինքի սպանությունը կազմակերպած հանցախմբի կարեւոր պարագլուխներից է։