Անցած չորս տարում Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ին կայացած ասուլիսում՝ պատասխանելով Թուրքիայի դիրքորոշման եւ Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարած այցի մասին հարցին:
Նալբանդայնի խոսքով, Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, եւ Դավութօղլուն Հայաստանում կրկնել է այն, ինչ ասել էր տարիներ առաջ: Ըստ Նալբանդյանի, հենց այդ պատճառով էլ դադարեցվել են հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Սպասենք, մինչեւ Թուրքիան պատրաստ կլինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Այդ մոտեցումը ստանում է նաեւ միջազգային հանրության հավանությունը»,- ասել է Նալբանդյանը: