Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ հունվարի 23-ին կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Կառավարական հանձնաժողովից հայտնում են, թե Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին Երեւանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, 58 տարեկան հասակում մահացել էր անվանի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Նա հանկարծամահ էր եղել Միացյալ Նահանգներում:
Արամ Ղարաբեկյանը ծնվել էր 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնց քաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Ս.Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաեւ Ջ.Դրուգմանի եւ Լ.Բերնշտայնի մոտ: Եղել է Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը:
1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ.: Աշխատել է Կիեւի ռադիո եւ հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ միասին թողարկել է «Ռոմեո եւ Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայի մշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաեւ Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի եւ բալետի թատրոնը: Աշխատել է նաեւ Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի եւ Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Շրեվեպորտի, Հանգչջոուի եւ Զեջիանգի սիմֆոնիկ:
1999թ. ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Հանչժոու քաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան:
1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների եւ խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաեւ Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: