Ստամբուլի Սամաթիա թաղամասում Ստամբուլահայ Մարիցա Քյուչուքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ սպանվածի փաստաբանը դատարանին է ներկայացրել դեպքի վայրում հայտնաբերված վիրահատական դանակ եւ պահանջել ներկայացնել այն փորձաքննության։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանում 5-րդ անգամ դատարանի առջեւ կանգնող Մուրադ Նազարյանը կրկին հայտարարել է, թե ինքը ոչ-ոքի չի սպանել եւ պահանջել է իրեն ազատ արձակել։
Մարիցա Քյուչուքի դուստրը դատարանին հիշեցրել է, որ մեղադրյալը նախորդ նիստի ժամանակ հայտարարել էր, որ ինքը ոչ մեկին չի ճանաչում եւ սպանության գործում համագործակցել է 3 հոգու հետ՝ պահանջելով դատարանից միջոցներ ձեռնարկել սպանության իրական մեղավորներին հայտնաբերելու համար։
Իսկ Մարիցա Քյուչուքի ընտանիքի փաստաբան Էրեն Քեսքինը դատարանին է ներկայացրել ծրարի մեջ մի վիրահատական դանակ՝ ասելով, որ նախկինում այն անվտանգությունից ելնելով հնարավոր չի եղել հանձնել դատարանին։ Փաստաբանը պահանջել է, որ դեպքի վայրում գտնված այդ վիրահատական դանակն ուղարկվի դատական փորձաքննության՝ պարզելու դրա վրա առկա մատնահետքերը։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 12-ին։
Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։
Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանի մեջ են մեղադրում։