Լոս-Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության գլխավոր շինության առաջ հայ համայնքի անդամները բողոքի ցույց են անցկացրել, որպեսզի դատապարտեն 1988թ.-ի սումգայիթյան ջարդերն ու 2004թ.-ի ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի կողմից հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունը: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
«Միացյալ երիտասարդ հայերի» կողմից կազմակերպված ակցիան, որին մասնակցում էին համայնքի մի քանի կազմակերպություններ, նպատակ ուներ տեղեկացնել հասարակությանն ու համաշխարհային հանրությանը սարսափների մասին, որոնց ենթարկվել են հայերն ադրբեջանցիների կողմից: Մասնակիցների խոսքով՝ լինի դա Սումգայիթում հայ բնակչության կոտորածը կամ անհատի վրեժխնդրությունը, ով արդյունքում հերոսացվել էր, այդ կերպ Ադրբեջանը շարունակում է իր հակահայկակն քաղաքականությունն առ այսօր:
Հիշեցնենք, որ 2004թ.-ի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներ էին անցկացվում: Մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում նաեւ ապագա զոհ Գուրգեն Մարգարյանն ու նրա մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր սենյակը եւ կացնահարել քնած Գուրգեն Մարգարյանին: Դրանից հետո Սաֆարովը փորձել էր սպանել մեկ այլ հայ սպա Հայկ Մակուչյանին: Բարեբախտաբար, փորձն անհաջող էր՝ սենյակի դուռը փակ էր:
2006թ. ապրիլի 13-ին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Չնայած հունգարական հասարակության բացասական վերաբերմունքին՝ 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ: