Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում Մեծ պահքի շրջանում զինծառայողների, նրանց ընտանիքի եւ քաղաքացիական անձնակազմի մկրտության, հաղորդության ծեսեր են անցկացվում, ռազմական օբյեկտների, սպառազինության, զրահատանկային, ավտոմոբիլային եւ ավիացիոն տեխնիկայի օծում:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մոսկվայի եւ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի անունից զինծառայողներին հանձնվել է «Նոր կտակարան» եւ «Սաղմոսարան» գրքերը:
Ռազմաբազայի զինծառայողների համար արդեն ստացվել է 11 հազար օրինակ գիրք: Մինչեւ ուղղափառ Զատկի տոնը սպասվում է ուղղափառ գրականության եւս մեկ խմբաքանակ:
Մեծ պահքի առաջին շաբաթում ռուսական ռազմակայանում օծվել է ռազմական տեխնիկայի 500 միավոր, 2000 միավոր հրազեն եւ 30 ռազմական օբյեկտ:
Հանգստյան օրերին Սուրբ նահատակ Ալեքսանդրա թագուհու եկեղեցում տեղի է ունեցել ժամերգություն, մկրտության խորհրդի եւ հաղորդության ծեսեր: Քահանան բոլոր ուղղափառներին կոչ է արել հետեւել ուղղափառ մարդասիրական օրենքներին, հարգել հրամանատարներին եւ ծառայակիցներին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am